Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կոչ է արել ԱՄՆ ղեկավարությանը հարթել հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայցեւայնպես զգույշ լինել, հայտնում է BBC–ն։

«Երբ խոսքը Ռուսաստանի մասին է, կարեւոր է հիշել նախագահ Ռեյգանի օրինակը, որը խորհրդային առաջնորդ Միխայիլ Գորբաչովի հետ բանակցություններում գործում էր «Վստահիր, բայց ստուգիր» սկզբունքով։ Ինչ վերաբերում է Պուտինին, ապա իմ խորհուրդն է հարթել հարաբերություններ, բայց չկորցնել զգոնությունը»,- ասել է Մեյը Ֆիլադելֆիայում ԱՄՆ Հանրապետական կուսակցության համագումարի ժամանակ իր ելույթի ժամանակ։

Նա նաեւ ասել է, որ Բրիտանիան ու ԱՄՆ-ն , անկասկած, պետք է պաշտպանեն իրենց շահերը,բայց չեն կարող վերադառնալ ինտերվենցիոնալիզմի «ձախողման դատապարտված» քաղաքականությանը։

«Ավարտվել են այն ժամանակները, երբ ԱՄերիկան ու Բրիտանիան միջամտում էին ինքնիշխան երկրների գործերին՝ փորձելով իրենց հայեցողությամբ վերաձեւել աշխարհը»,- ասել է նա եւ հավելել, որ դա դեռ չի նշանակում, որ իրենք պետք է «անմասն լինեն իրական սպառնալիքի հանդեպ»։

Միաժամանակ Մեյը հայտնել է, որ եկել է երկու երկրների միջեւ առանձնահատուկ հարաբերությունները վերականգնելու ու ժամանակակից աշխարհում առաջատար դեր ստանձնելու ժամանակը։