Եմենում զինված բռնության ծավալները աճում են, ու այդ ֆոնին հումանիտար իրավիճակը շարունակում է վատանալ։ Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստի ժամանակ հայտնել է ՄԱԿ արտակարգ օգնության համակարգող Սթիվեն Օբրայենը։

Նրա խոսքով, երկրում ամեն օր տեղի են ունենում բախումներ ու օդային գրոհներ։ Ընդ որում դրանց թիվն աճում է։

Սթիվեն Օբրայենը ԱԽ անդամներին պատմել է, որ իրեն առանձնապես մտահոգում է Կարմիր ծովի ափին գտնվող Մոխա քաղաքի խաղաղ բնակիչների ճակատագիրը, քանի որ նրանք հայտնվել են երկկողմանի կրակի տակ։ ՄԱԿ տվյալներով 5 հազար մարդ փորձում է լքել քաղաքը։

Հիշեցնենք, որ Եմենում 2014-ի օգոստոսից չի դադարում դիմակայությունը երկրի իշխանությունների ու շիա խռովարարների միջեւ։