ԱՄՆ տարբեր նահանգների օրենսդիր ժողովներում հանրապետականները քննարկման են ներկայացրել առնվազն 10 օրինագիծ, որոնք խստացնում են բողոքի ակցիաներ անցկացնելու պայմանները։Bloomberg -ի փոխանցմամբ,  այս օրենսդրական  նախաձեռնությունները քննարկվելու են ԱՄՆ-ում անցկացվող այն հանրահավաքների ֆոնին, որոնք ամենազանգվածայինն են Վիետնամում պատերազմի դեմ բարձրացած բողոքի ալիքից հետո։

Մասնավորապես Վաշինգթոն նահանգի սենատոր Դուգ Էրիկսոնը առաջարկում էր պատժել այն ցուցարարներին, որոնք իրենց գործողություններով խաթարում են տնտեսությունը։ Միսուրիում առաջարկել են արգելել ցուցարարներին կրել դիմակներ, Այովայում՝ պատժել հնգամյա ազատազրկմամբ տրանսպորտային հանգույցները փակելու փորձի համար, Միչիգանում՝ բարձրացնել տուգանքի չափը՝ արդյունաբերական ձեռնարկությունների ու մասնավոր տների դիմաց հանրահավաքներ կազմակերպելու համար, իսկ ՄԻնեսոթայում՝ ցուցարարներին տուգանել փողոցում աղբ նետելու համար։

Այս օրինագծերի մի մասը ներկայացվել էր դեռ մինչեւ Թրամփի ընտրվելը, սակայն «դրանք հատկապես արդիական են հիմա, երբ անցկացվում են զանգվածային հանրահավաքներ, իսկ օդանավակայաններում բողոքի ակցիաներ՝ ներգաղթի սահմանափակման քայլերի դեմ»։