ԱՄՆ-ում #GrabYourWallet արշավի մասնակիցները որոշակի հաջողության են հասնում, հայտնում է ամերիկյան Forbes-ը: Ակցիան մեկնարկել է 2016 թվականի հոկտեմբերին եւ կոչ է անում հրաժարվել նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի անդամների ապրանքնանիշների արտադրանքը ձեռք բերելուց:
Արշավի անվան մեջ օգտագործված է իր՝ միլիարդատիրոջ 2005 թվականի խոսքը, որում հանրապետականը պարծենում է, թե կարող է կանանց «շեքից» բռնել («grab them by the pussy»): Ակցիայի կազմակերպիչները արտահայտությունը վերաձեւակերպել են՝ գնորդներին հորդորելով «բռնել իրենց դրամապանակները» («grab your wallet»):
Արշավի հիմնադիր Շենոն Քոուլթերը Forbes-ին ասել է, որ իր կողմնակիցները Twitter-ում մոտ 230 հազար գրառում են կատարել՝ Թրամփի ընտանիքի արտադրանքը բոյկոտելու կոչերով եւ ստացել են մոտ 626 մլն արձագանք: #GrabYourWallet-ի կայքում ներկայացված է 70-ից ավելի ընկերությունների ցուցակ, որոնք թողարկում են Թրամփի ընտանիքի անդամների հետ կապ ունեցող ապրանքանիշների ապրանքներ:



























