ԱՄՆ նախագահի վարչակազմը ամենայն հավանականությամբ կկենտրոնանա տիեզերքի նվաճման իրական խնդիրների վրա, որոնք հնարավոր է իրականացնել նախագահության չորս տարիներին։ Դա կարող է լինել մինչեւ 2020 թ դեպի Լուսնի ուղեծիր թռիչքը, կամ էլ սեփական տիեզերակայանը Երկրի ուղեծիր հանելը, հայտնում է The Wall Street Journal–ը։
Թերթի տեղեկություններով Թրամփի խորհրդականները ՆԱՍԱ—ի գործերին ծանոթանալիս սառեցրել են բոլոր որոշումներն ու գործողությունները, որոնք ուղղված են փոխնախագահ Մայքլ Փենսի ղեկավարությամբ տիեզերքի գործերով խորհրդի ստեղծմանը։ Քանի դեռ դա տեղի չի ունեցել, հիմնականում ենթակուլիսային քաղաքական մանեւրներ են ընթանում։ Ընդ որում առաջիկա չորս տարիների աշխատանքների ուղղության վերաբերյալ ընդհանուր պատկերացում արդեն իսկ կա։
Թերթի փոխանցմամբ նպատակահարմար է համարվում այն նախագծերի իրականացումը, որոնք կօգնի Թրամփի թիմին լայն աջակցություն ստանալ ԱՄՆ բնակչության կողմից։ Նման նախագծերը պետք է հնարավորինս քիչ ծախսեր պահանջեն, հեշտ իրականանան, ընդ որում չորս տարվա ժամկետում։
Թերթի տեղեկություններով ՆԱՍԱ—ի ֆինանսավորումը, որը հիմա տարեկան 19 մլրդ դոլար է կազմում, անփոփոխ կմնա։ Դրա համար էլ տիեզերական գերատեսչությունն իր 17 հազար աշխատակիցներով առաջիկա տասնամյակին ստիպված կլինի բավարարվել այն նվազագույնով, որն ունի։



























