ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արամ Բադալյանի եւ միջազգային ներդրումային IPECS ընկերությունն, ի դեմս Բորիս Բոգուսլավսկու, այսօր՝ փետրվարի 7-ին, Կոմիտեում հուշագիր են ստորագրել Երեւան-Գյումրի մայրուղուն հարակից շուրջ 80 հա տարածքում բազմաֆունկցիոնալ էթնոմշակութաբանական կենտրոնի իրականացման վերաբերյալ:
Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը հավաստել են, որ նման բազմաֆունկցիոնալ կենտրոնի ստեղծումը նպաստավոր պայմաններ կստեղծի ոչ միայն տարածաշրջանի երկրների էթնոմշակութային ժառանգության ներկայացման համար, այլեւ լուրջ գործոն կարող է հանդիսանալ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում՝ խթանելով զբաղվածության խնդիրների լուծմանը, զբոսաշրջության զարգացմանը, բիզնես հեռանկարների ընդլայնմանը եւ այլն:
Կողմերը հուշագիր են ստորագրել՝ հաստատելով ներդրումային ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որն իր մեջ ներառում է տարբեր փուլեր՝ ծրագրի հայեցակարգի ներկայացումից մինչեւ բազմաֆունկցիոնալ համալիրի շահագործումը:
Փաստաթղթի ստորագրմանը նախորդել է IPECS ընկերության տնօրինության եւ նրա հայաստանյան գործընկեր Աշոտ Միրզոյանի հանդիպումը՝ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ:
Հուշագրի ստորագրումը` ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտե-IPECS ընկերություն, շուրջ կես տարվա համատեղ աշխատանքների արդյունք է:



























