Եթե Հայաստանի քաղաքացիները ընտելանան փող կուտակելուն, վարկերը նրանց ավելի հասանելի կդառնան: Այս մասին փետրվարի 7-ին՝ խորհրդարանում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ելույթ ունենալով «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» նոր օրենքի օրինագծի քննարկմանը:

Այդ դեպքում բանկերն այդքան ստիպված չեն լինի վարկի համար կանխավճար պահանջել: Զարգացած երկրներում բանկերը դա չեն պահանջում, բայց փոխարենը պահանջում են ներկայացնել կուտակումների ապացույցներ, հենց ապացույցներ, օրինակ՝ վերջին տարվա համար: «Դա նրանց վստահություն է ներշնչում, որ վարկառուն արդեն վարժվել է փող ետ գցելուն, եւ վարկի մարմանն ընտելանալու կարիք չի ունենա: Եթե բանկերը տեսնեն, որ այս հարցում եւս կուտակման սովորություն կա, կիջեցնեն հաճախորդների անվճարունակության գնահատականը: Իսկ որքան ռիսկը փոքր է, այնքան փոքր են վարկերի տոկոսադրույքները»,- նշեց Երիցյանը: