ԱՄՆ նոր վարչակազմը պաշտպանում է Վրաստանում բարեփոխումների կուրսը եւ բարձր է գնահատում երկրի միջազգային ջանքերն ու կայունությունը։ Այս մասին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը։ Ֆլինն իր հայտարարությունն արել է պաշտոնական այցով Վաշինգթոնում գտնվող Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպումից հետո, փոխանցում է «Նովոստի Գրուզիա»–ն։
Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ջանելիձեն եւ Ֆլինը քննարկել են երկու երկրների ռազմավարական գործընկերության հարցերը։ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել նախագահի խորհրդականին եւ ԱՄՆ նոր վարչակազմին ցուցաբերած հետաքրքրության եւ աջակցության համար։
Գեներալ Ֆլինը նշել է Վրաստանի կարեւոր դերը եվրատլանտյան անվտանգության ապահովման հարցում եւ ընդգծել, որ երբ խոսքը միջազգային անվտանգության սպառնալիքների դեմ պայքարի մասին է, Վրաստանը ԱՄՆ առանցքային գործընկերն է ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ գլոբալ մակարդակով։




























