Ոչ մի այլ մայրաքաղաքի հետ Մոսկվան չի պահպանում այդքան սերտ կապեր, որքան Մինսկի հետ։ Բայց եւ ոչ մի այլ դաշնակից պետության հետ Կրեմլը այդքան պարբերաբար չի վիճում, որքան Բելառուսի հետ։ Բայց հիմա միասնականության ու ապահարզանների ցուցադրական շարանը նոր որակ է ստացել»,- գրում է Բենյամին Թրիբեն շվեյցարական Neue Zuercher Zeitung թերթում։    

Բանն այն է,որ Ռուսաստանը 1995-ից սկսած առաջին անգամ սկսել է հսկել Բելառուսի հետ իր սահմանը, որտեղ առաջ առհասարակ ոչ մի հսկողություն չի իրականացվել քաղաքացիների ու ապրանքների տեղաշարժի նկատմամբ։ Այսպես կոչված հսկիչ անցակետերով սահմանային գոտիների ստեղծումը համընկել է բելառուսական կողմի նախաձեռնած ազատականացման հետ։ Մինսկը թույլատրել է առանց վիզայի հինգ օրով երկիր մտնել 80 երկրների քաղաքացիների այն դեպքում, եթե նրանք Մինսկի օդանավակայան են ժամանում։ Պաշտոնական վարկածով հենց դա է ստիպել Մոսկվային սկսել վերահսկել սահմանը։ Ռուսաստանը վախենում է , որ իր տարածք կներթափանցեն երրորդ երկրների քաղաքացիներ։ Լուկաշենկոն մամուլի ասուլիսի ժամանակ նոր սահմանային ռեժիմն անվանել է «քաղաքական հարձակում», ասվում է հոդվածում։

«Ընդհանուր առմամբ, վերջերս, երկու երկրների միջեւ հարաբերությունները շատ են վատացել, ու քաղաքացիների ազատ տեղաշարժը ամենեւին էլ միակ վիճելի հարցը չէ»,- շարունակում է հեղինակը։ Որպես կանոն, վեճերը վերաբերում են նաեւ տնտեսությանը՝ Բելառուսի ֆինանսական կայունության վրա ավելի շատ ազդում է ռուսական նավթի ու գազի մատակարարումների շուրջ մշտապես բորբաքվող հակասությունները։ Անցած շաբաթ դրանք ավելի սրվեցին։ Լուկաշենկոն հայտնել է, որ երկիրը կհրաժարվի ռուսական նավթից ու գազից, եթե դրանց գինը պետք է լինի անկախությունը։

Ինչ եւէ, բելառուսական տնտեսությունը ու բյուջեն պարզապես անկենսունակ են առանց իրենց խոշորագույն գործընկերոջ՝ Ռուսաստանի,ասվում է հոդվածում։ Բելառուսի արդյունաբերության կարեւորագույն ոլորտներից մեկն է ռուսական նավթի ու նավթամթերքի վերամշակումը, որոնք հետո այլ երկրներ են արտահանվում։

 2016-ի սկզբից Մինսկը Մոսկվայից պահանջում է ավելի էժանացնել առանց այդ էլ «շահավետ» գնով մատակարարվող գազը։ Իսկ Ռուսաստանն էլ հայտնել է, որ Բելառուսը սկսել է ավելի քիչ նավթամթերք մատակարարել, քան պայմանագրով է նախատեսված, ու կրճատել է հում նավթի մատակարարումները։

«Այդ ժամանակվանից երկրները վիճում են, թե ով է ում շահագործում։ Կրեմլի հաշվարկներով Բելառուսը 2011-2015 թթ տարեկան ստանում էր 20 մլն տոննա հում նավթ առանց մաքսերի, ինչի հետեւանքով ռուսական բյուջեն զրկվում էր 22 մլրդ դոլարից։ Բացի դրանից Մինսկը Մոսկվայից ստացել է եւս 6 մլրդ դոլարի վարկ, Լուկաշենկոն էլ ոչ անհիմն նշել է, որ ԵՏՄ-ն ավելի շատ Ռուսաստանին է շահավետ ու շեշտել, որ Բելառուսը 2015-ից առայսօր 15 մլրդ դոլարի չափով քիչ գումար է ստացել։

«Բայց պետք չէ հավատալ, որ Լուկաշենկոն բաց հակամարտություն է որոնում Ռուսաստանի հետ,- գրում է Թրիբեն։ Նա ուրիշ խնդիր ունի՝ ցույց տալ բելառուսներին ու Ար եւմուտքին իր առավելագույն ինքնուրույնությունը»։ Ուկրաինական ճգնաժամն էլ իր հերթին ՄԻնսկին ցույց տվեց Մոսկվայի հետ սերտ բարեկամության բոլոր բացասական կողմերը ու Լուկաշենկոն ամեն կերպ փորձում է ներկայանալ որպես չեզոք երկիր։ «Միաժամանակ Լուկաշենկոն ստույգ գիտի, թե որոնք են թույլատրելի սահմանները ու երբեք ուղիղ գրոհներ չի արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վրա, այլ քննադատել է միայն ինչ-ինչ ուժերի, որոնք շահագրգռված են քաոսում ու Բելառուսի հետ տարաձայնություններում»,- ասվում է հոդվածում։