Նախատեսվում են բեկումնային եւ արմատական փոփոխություններ` դասագրքերի ստեղծման գործընթացում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, Մանմար, Էդիթ Պրինտ, Տիգրան Մեծ, Աստղիկ, Զանգակ, Անտարես եւ Արեւիկ հրատարակչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

ԿԳՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցական դասագրքերի հետ կապված տեխնիկական եւ բովանդակային հարցեր: Նախարարը նշել է, որ հանրության շրջանում կա օբյեկտիվ դժգոհություն` կապված որոշ դասագրքերի որակի եւ ծանրաբեռնվածության հետ, ավելին` դրանք չեն բավարարում ներկայիս պահանջներին, հետեւաբար նախարարությունը նախատեսում է բեկումնային եւ արմատական փոփոխություններ իրականացնել այս ոլորտում:  Այս կապակցությամբ հանդիպումներ են անցկացվելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ` քննարկելու հիմնախնդիրը եւ համապատասխան լուծումեր գտնելու համար:

Ըստ նախարարի`  վարչապետի հանձնարարականով նախատեսվում  է Կրթության ազգային ինստիտուտի բարեփոխումների շրջանակում հիմնել դասագրքաստեղծ կառույց` դասագրքերի ստեղծման գործընթացը համակարգելու նպատակով: Լեւոն Մկրտչյանի խոսքով` բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց այսօր, որպեսզի հաջորդ տարի արդեն դաշտը բարելավված լինի:

Նախարարը նշել է, որ ներկայումս տարրական դասարանների եւ ավագ դպրոցի որոշ դասագրքեր տպագրվում են պետբյուջեի, իսկ մնացած դասագրքերը` Դասագրքերի շրջանառու հիմնադրամի միջոցով: Այդ համատեքստում Լեւոն Մկրտչյանն անդրադարձել է որոշ դասագրքերի բովանդակության, որակի, դրանք ավելի ընկալելի դարձնելու, ինչպես նաեւ որոշ տեխնիկական խնդիրների:

Ըստ նախարարի` քանի որ մեր երկրում բացակայում է դասագիրք գրելու մշակույթը, այդ պատճառով երբեմն հաշվի չեն առնվում երեխայի ծանրաբեռնածության աստիճանը, տարիքային առանձնահատկությունները եւ այլն:

Լ. Մկրտչյանի խոսքով` հիմնականում առկա է երկու դժգոհություն,  մասնավորապես, բնագիտական եւ պատմական առարկաների մասով ակադեմիական չափից բարձր մակարդակ եւ հայերենի խրթին շարադրանք: Նախարարը հրատարակիչներին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որտեղ ներգրավված կինի նաեւ վերջիններիս ներկայացուցիչը: Խումբը կամփոփի դասագրքաստեղծ կենտրոնի ձեւավորման վերաբերյալ հրատարակիչների ներկայացրած առաջարկությունները եւ դիտարկումները, ինչպես նաեւ այլ խնդիրներ` փորձագետների բազա ստեղծելու, դասագրքերի եւ ուսուցիչների ձեռնարկների մշակման հստակ չափանիշների եւ մեթոդաբանության հետ կապված:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել պարբերաբար անցկացնել նման հանդիպումներ` հստակ ձեւակերպելով օրակարգային խնդիրները: