ԱԺ ընտրությունների օրը ընտրական տեղամասերում ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն է սահմանվել:
Այս մասին որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն այսօր՝ փետրվարի 13-ին կայացած արտահերթ նիստում:
Մասնավոապես, կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին եւ այն ճանաչել անհետաձգելի: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը զեկուցել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի երկու նոր հոդվածին համապատասխան մի շարք այլ հոդվածներում եւս փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձի (մասնագետի) կողմից քվեարկության օրն իր լիազորությունները չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելուն եւ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովին տրամադրվող` ընտրողների գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող անձին փոխարինելուց հրաժարվելուն:
Սահմանվում են նշված գործերով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմելու եւ վկայակոչված վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության ենթարկելու իրավասություն ունեցող մարմինները:
Նախատեսվում է նաեւ, որ այդ իրավախախտումների վերաբերյալ գործերը քննվեն մեկ ամսվա ընթացքում: Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:



























