Երեկ հրապարակված իշխող ՀՀԿ-ի տարածքային ընտրացուցակներում ներառված են հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչները: Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը:

Պատգամավորը չի կարծում, որ կուսակցության համամասնական ցուցակը պետք է կազմված լինի բացառապես քաղաքական գործիչներից:

«Սահմանադրության նոր խմբագրմամբ՝ Հայաստանի Ազգային ժողովը կարեւոր ներկայացուցչական գործառույթ ունի: ԱԺ-ն պետք է ներկայացնի մեր բոլոր քաղաքացիներին եւ հասարակության հնարավորինս լայն շերտերի»,- նշեց Դավթյանը:

Նշենք, որ փետրվարի 16-ին լրանում է կուսակցությունների եւ դաշինքների կողմից ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը: ՀՀԿ-ն առայժմ գաղտնի է պահում իր համամասնական ցուցակի համապետական մասը, մինչեւ հիմա հայտնի չէ նաեւ, թե ով է այն գլխավորելու եւ արդյո՞ք վարչապետ Կարեն Կարապետյանը կարողանալու է դա անել: