Սեյրան Օհանյանի եւ իմ համագործակցությունը կրել է տեւական բնույթ, եւ այն բոլոր քաղաքական քայլերն ու որոշումները, որ քննարկել ենք, եղել է պայմանավորված, մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, որոնք, ցավոք, տեղի չեն ունեցել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը՝ ձեռնպահ մնալով այլ մանրամասներ հայտնել այդ պայմանավորվածությունների մասին:
«Ինչ վերաբերում է մեր փոխհարաբերություններին՝ կապված քաղաքական որոշակի համագործակցության հետ, եղել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-որ ժամանակ հետո կանդրադառնամ»,-ասաց նա:
Դալլաքյանը նշեց, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ դեռ վերջնական որոշում չեն ընդունել:
«Իրոք, մենք լայն համախմբման կողմնակից ենք: Փակագծերը կարող եմ բացել: Ես այն գործիչն եմ, որը փորձել է իր բոլոր հնարավորություններն օգտագործել, որպեսզի տեղի ունենա Սեյրան Օհանյան-Գագիկ Ծառուկյան համագործակցություն, բայց ինչ-ինչ պատճառներով դա տեղի չի ունեցել: Ես ինքս առավելագույն ջանքեր եմ գործադրել, ու ցավում եմ, որ դա տեղի չունեցավ: Եթե այդ համագործակցությունը տեղի ունենար, Հայաստանում կարող էր ձեւավորվել լուրջ բեւեռ, որը կարող էր Հայաստանում իրականացնել արմատական բարեփոխումներ»,-ասաց նա:
Դալլաքյանի ներկայացմամբ, Օհանյան-Ծառուկյան հանդիպումները հիմնականում ինքն է կազմակերպել. «Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումների ընթացքում ես նրա մոտ նկատել եմ ցանկություն համագործակցել Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված կուսակցությունների հետ: Բայց նրան ներկայացվել են անիրականանալի եւ ինչ-որ տեղ ամբիցիոզ առաջարկություններ, որոնց պարագայում պարոն Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում տեղի չի ունեցել: Ծառուկյանին ներկայացվել են այնպիսի առաջարկներ, որն անհնարին է դարձրել այդ համագործակցությունը»:



























