Տյառնընդառաջի ուտեստների ցանկում մեծ տեղ պետք է գրավի հացահատիկը: Այս մասին այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
«Տեառնընդառաջի խոհանոցը եւ կերակրատեսակները հստակ պատկերակազմով տրված են: Ծիսական կերակուրներում օգտագործել են խաշիլ, աղանձ, ընդեղեն: Պանիր եւ խառը կանաչի պետք է դրվի սեղանին: Տրնդեզյան բոլոր կերակրատեսակների մեջ պարտադիր առկա է ցորենը: Հացի խմորի մեջ դրվում է չիր եւ չամիչ: Հնում պատրաստել են ժինգյալով հաց, որը նույնպես շատ տարածված է եղել եւ այն ժամանակ, ինչու չէ նաեւ հիմա:Ամեն տոնին էլ հարիսան սեղանին պետք է առկա լինի»,-ասաց նա:
Ազգագրագետ Սվետլանա Պողոսյանն էլ նշեց, որ թեեւ տրնդեզն առաջին հերթին նորապսակների տոնն է, բայց խարույկ կարող են վառել նաեւ այն ընտանիքները, որոնք նոր նշանվածներ կամ նորապսակներ չունեն: «Տնդեզն առաջ հերթին նոր նշանվածների, նորապսակների տոնն է համարվում, բայց ընտանիքի մյուս անդամները պետք է մասնակցեն: Շատ ընդունված է նաեւ, որ հենց Տեառնընդառաջի օրը հարսի օժիտը բերվի տուն»,-ասաց նա:
Ազգագրագետը նաեւ նշեց, որ տոնը այլ կարեւորություն էլ է ունեցել: Կանայք վառում էին իրենց վարտիքի թելը, բերիության համար, կրակը վառելու ժամանակ հիվանդներին հանում էին երթիկ, մոխրաջուր էին խմեցնում նրանց հիվանդությունները բուժելու նպատակով:
Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:
Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:



























