ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը մաղթել է Բերդիմուհամեդովին քաջառողջություն, հաջողություններ եւ բարօրություն, իսկ բարեկամ Թուրքմենստանին՝ խաղաղություն եւ բարգավաճում: «Նշելով վերջին տարիներին Թուրքմենստանում պետականաշինության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում երկրի արձանագրած հաջողությունները՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենն ապահովել է նախագահ Բերդիմուհամեդովին համազգային աջակցություն եւ վստահություն», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրության, «բարձր է գնահատել Թուրքմենստանի նախագահի անփոփոխ ուշադրությունը բարեկամության եւ փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-թուրքմենական համագործակցության հետագա խորացման հարցերի նկատմամբ եւ համոզվածություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ փոխգործակցությունը հետագայում եւս կհարստանա նոր մասշտաբային ծրագրերով»: