Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում ավարտվել է մատակարարվող սննդի որակի ապահովման նպատակով կազմակերպված ստուգայցերի առաջին փուլը. արդյունքում խախտման որեւէ դեպք չի արձանագրվել:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է շարունակել անակնկալ ստուգայցերը՝ գործընթացը պահելով մշտական վերահսկողության ներքո:

Զեկուցվել է,  որ նախորդ շաբաթ ՃՈ հետ համատեղ հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ իրականացված հսկողության շրջանակում կազմվել է 76 արձանագրություն: Ի կատարումն Երեւանի քաղաքապետի հանձնարարականի՝ շարունակվում է նաեւ հսկողությունը ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Ըստ այդմ նախորդ շաբաթ վարչական պատասխանատվության է ենթարկվել 4 իրավախախտ: Հանձնարարվել է շարունակել համատեղ ստուգայցերը:

Չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերը հայտնաբերելու նպատակով ամենօրյա հսկողության հետ կապված զեկուցվել է, որ հայտնաբերվել եւ վարչական արձանագրություն է կազմվել 6 դեպքի մասով: Շարունակվում է նաեւ հսկողությունը տնտեսվարող սուբյեկտների կողմից, պարտադիր բարեկարգման նորմերին համապատասխան, օբյեկտների հարակից տարածքների մաքրման աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու ուղղությամբ։ Ըստ այդմ, նախորդ շաբաթ տնտեսվարող 5 սուբյեկտ ենթարկվել է վարչական պատասխանատվության:  Հանձնարարվել է նշված ուղղություններով շարունակել ամենօրյա խստացված հսկողությունը: