Բավական է երկրում եղած բացթողումները հանդուրժել, պետք է աշխատել դրանք վերացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին համատեղ դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագրի ստորագրման ժամանակ ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարեւոր ընտրություններ, որտեղ ձեւավորվելու է Հայաստանի իշխանությունը: Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորման համար: Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը եւ մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը: Անկասկած, ազգային անվտանգության ձեւավորման հիմքում լինելու է մարդը, սահմանում կանգնած զինվորը եւ հասարակ համայնքի գյուղացին, աշխատողը, բժիշկը, ուսուցիչը, որոնց ջանքերի շնորհիվ է, որ ընհանուր ձեւավորվում են հաջողությունները: Ազգային երաշխիքների ձեւավորման հիմքում երկրի զարգացումն է  լինելու, զարգացում, որի ուղղությամբ մենք համապատասխան միջոցառումներ պետք է ձեռնարկենք ազատականացման, տնտեսության ոլորտային ռազմավարական վերանայման արդյունքում ծրագրերի ձեւավորման եւ իրականացման, որը պետք է լինի հեռանկարային առումով իրագործելի եւ մարտավարական առումով՝ տվյալ ժամանակահատվածի համար անչափ կարեւոր գործընթաց: Մենք կարեւորում ենք անվտանգության երաշխիքների մակարդակի բարձրացումը, երկար տարիներ լինելով հայկական զինուժի ղեկավարության գլխավերեւում՝ ես համապատասխան միջոցառումներ եմ ձեռնարկել մեր երկրի անվտանգությունն ապահովելու, հայկական բանակը զարգացնելու: Մենք եկել ենք աշխատելու, այն փորձը, որը մենք բոլորս ունենք, անկասկած, իրականացնելու ենք կառավարման համակարգում: Ամենամեծ թերությունը, որն այսօր գոյություն ունի իշխանությունների եւ հասարակ մարդկանց միջեւ, անջրպետը, փորձելու ենք վերացնել, մենք եկել ենք աշխատելու եւ 365 օր աշխատելով մեր երկիրը զարգացնենք: Հերիք է հանդուժենք այն բոլոր բացթողումները, որոնք մենք ունենք, մեր ապագայի համար քրտնաջան աշխատանք է անհրաժեշտ»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր՝ փետրվարի 13-ին, խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ հուշագիր են ստորագրել: