World Press Photo մրցույթում 2016 թվականի լուսանկար է ճանաչվել Associated Press-ի աշխատակից Բուրհան Օզբիլիջիի արած կադրը, որում պատկերված է 22-ամյա թուրք ոստիկան Մեւլութ Ալթընթաշը՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին գնդակահարելուց անմիջապես հետո: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Այն Օզբիլիջիի՝ «մահափորձեր Թուրքիայում» շարքի մաս է կազմում: Լուսանկարը հաղթել է նաեւ «Լավագույն լրատվական լուսանկար» անվանակարգում:
«Շատ վտանգավոր էր հրաձգությունից անմիջապես հետո լուսանկարել մարդասպանին: Բայց ես հասկանում էի, որ դա պատմական պահ է եւ հարկավոր է արձանագրել այն»,- մրցանակը ստանալուց հետո ասել է AP-ի աշխատակիցը:
Նա խոստովանել է, որ շուրջ 30 տարի լուսանկարչությամբ է զբաղվում եւ ոչ մի անգամ չի կասկածել, որ «շատ կարեւոր գործ է անում՝ լրագրությանն օգնելով ավելի լավը դառնալ»:
Ընդհանուր առմամբ՝ մրցույթին աշխարհի 125 երկրից 5 հազար լուսանկարչի շուրջ 80 հազար աշխատանք է ներկայացվել:



























