Փետրվարի 8-ին Ֆրանսուա Օլանդը հայ համայնքի ներկայացուցիչների հետ անցկացրել է որպես երկրի նախագահ վերջին ամենամյա ընթրիքը: Ծայրահեղ աջ եւ ծայրահեղ ձախ կուսակցությունների առաջնորդներից (Մարին Լը Պեն եւ Ժան Լյուկ Մելանշոն) բացի, հրավերք են ստացել նախագահի բոլոր թեկնածուները, բայց ներկայացել է միայն մեկը՝ սոցիալիստ Բենուա Ամոնը: Թե ինչու մյուսները չէին եկել եւ ում են ֆրանսահայերը Ֆրանսիայի հաջորդ նախագահ տեսնում, պարզել է ֆրանսիական RFI միջազգային ռադիոն: 

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդից ընթրիքի հրավերք են ստացել մի քանի 100 մարդ՝ նախարարներ, պատգամավորներ, սենատորներ, նույնիսկ նախագահի թեկնածուներ եւ գործող նախագահը: Միջոցառումն անցկացվել է Փարիզի 5-աստղանի հյուրանոցներից մեկում, որի անվտանգության միջոցառոմներն ուժեղացվել էին:

«Սա կարեւոր միջացառում է: Հայ համայնքը կարեւոր դերակատարում ունի ոչ միայն Ֆրանսիայի սոցիալ-մշակութային կյանքում, այլեւ քաղաքական»,- ասել է սոցիալիստների կողմից նախագահի թեկնածու առաջադրված Բենուա Ամոնը:

Օրվա գլխավոր ինտրիգը, սակայն, այն էր, թե արդյոք կգա՞ Ֆիյոնը: Սակայն սկանդալի մեջ հայտնված թեկնածուն ընթրիքից 2 ժամ առաջ հրավերը մերժել է: Ակնհայտ է, որ ավելի կարեւոր գործեր ունի, իսկ ավելի ճիշտ՝ մեծ խնդիրներ:

«Նա հավանաբար ժամանակ չի ունեցել, բայց նրա ներկայացուցիչներն այստեղ են: Ամբողջ քաղաքական դասը ներկայացված է իր ողջ բազմազանությամբ: Սակայն կցանկանայինք, որ մեր հրավիրած բոլոր թեկնածուները գային: Դա մեզ համար կարեւոր նշան կլիներ: Այս հանդիպումը Ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի զարգացման հարցերով քաղաքական ուղերձներ փոխանցելու լավ հնարավորություն է»,- ասել է Ֆրանկ Փափազյանը, որը Արա Թորանյանի հետ գլխավորում է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:

2012 թվականին ֆրանսահայերը հրապարակավ աջակցել են Ֆրանսուա Օլանդին: Թե այս անգամ ում են աջակցելու, կազմակերպության առաջնորդներն ասում են, որ չեն որոշել: Առաջիկայում պետք է հանդիպեն բոլոր թեկնածուների հետ, որ ընտրության հարցում կողմնորոշվեն: Լրագրողների հարցին՝ Ֆրանսիայի հայրերը ինչպե՞ս են քվեարկելու, ամենից լավ պատասխանել է Շառլ Ազնավուրը. «Ինչպես բոլոր ֆրանսիացիները»:

«Հայ համայնքի համար դժվար է ասել, որ ինտեգրվել է կամ ձուլվել: Այն ֆրանսիական է: Մենք Ֆրանսիայի հայեր չենք, այլ հայկական ծագմամբ ֆրանսիացիներ: Ես 2 երկիր ունեմ՝ Հայաստանը եւ Ֆրանսիան: Միայն մեկ տարբերությամբ՝ ես ավելի լավ ֆրանսերեն եմ խոսում…Ինձ քաղաքականությունը չի հետաքրքրում, ես դրանով զբաղվում եմ: Ես միայն նրանով եմ հետաքրքրվում, ինչ որ տեղի է ունենում իմ երկրում, եւ դա միանգամայն բնական է: Կարող եմ նույնիսկ հստակեցնել՝ իմ երկրներում: Դրանք երկուսն են: Քաղաքական գործիչներին…նախագահներին…ես նրանց Հայաստան եմ ուղեկցել: Ես նրանց չեմ ստիպել, նրանք հաճույքով են գնում: Եվ ես ուրախ եմ, որ նրանց մեր երկիրը, եկեղեցիները, խոհանոցը, սրտաբաց ընդունելությունը դուր է գալիս»,- RFI-ին ասել է ականավոր շանսոնյեն:

Ֆրանսիացի քաղաքական գործիչները միշտ կարեւորել են հայ համայնքի բարեհաճությանն արժանանալը, որը 500 հազար մարդուց ավելի է կազմում: Ամեն դեպքում, Ցեղասպանության հարցը եւ այս 100-ամյա վաղեմության ողբերգության հետ կապված օրենքները մշտապես նախընտրական պատկերացումների առիթ են եղել: Նույնիսկ պաշտոնից հեռացող նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթի ժամանակ իրեն թույլ տվեց հեգնել. «Դե արի ու հասկացիր, թե ինչու է պատգամավորների եւ նույնիսկ նախագահի թեկնածուների մտքի սթափությունը երեւան գալիս միայն ընտրությունների ենթատեքստում»:

2012 թվականի նախընտրական արշավի թեժ պահին աջ պատգամավոր Վալերի Բուայեն (որն այժմ Ֆիյոնի թիմում է) առաջարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը խորհրդարանում 2 անգամ քվեարկվել է, բայց մերժվել է Սահմանադրական խորհրդի կողմից: Նոր տեքստն այդպես էլ չի ընդունվել Ֆրանսուա Օլանդի իշխանավարման օրոք:

Դեռեւս մինչեւ փրայմերիզների մեկնարկը այս թեմայով արդեն հասցրել է ելույթ ունենալ Ֆրանսուա Ֆիյոնը: Նրան հաջողվել է որոշ ֆրանսահայերի համակրանքին արժանանալ նաեւ Սիրիայի ճգնաժամի ենթատեքստում Մերձավոր Արեւելքի քրիստոնյաներին աջակցող ելույթներով:

Որոշ հայերի հաճելի է նաեւ Ռուսաստանի հետ հարաբերությունների ջերմացման Ֆրանսուա Ֆիյոնի դիրքորոշումը: Ընտրություններից 1-2 ամիս առաջ հիմա գլխավոր խնդիրն այն է, թե արդյոք իր հայ համակիրներին չի՞ հիասթափեցնի այս հավատարիմ քրիստոնյան եւ ավանդական արժեքների պաշտպանը:

Դե իսկ գործող նախագահին հրաժեշտ տալու համար դեռեւս վաղ է: Չնայած ոչ բոլորն են դրական արտահայտվում նրա հնգամյա կառավարման մասին:

Հայերին Օլանդի տված վերջին խոստումներից կարելի է առանձնացնել նրա առաջարկը Ֆրանսիայում ցեղասպանությունների հիշատակի ազգային օր հռչակելու մասին: Նա հայտարարել էր նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր երկրի ջանքերի մասին: Փարիզն աշխատում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Ֆրանսուա Օլանդը նաեւ հայտնել է, որ իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին Փարիզ է հրավիրել: Այս տարի Ֆրանսիան եւ Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: