Մինչ քննադատները հայտարարում են, որ շահերի բախման հարցի լուծումը դեռ հեռու է, ԱՄՆ նախագահ Թրամփի որդիները՝ Դոնալդ կրտսերը եւ Էրիկը մտադիր են զարգացնել ընտանեկան բիզնեսը ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ՝ արտերկրում, հաղորդում է The New York Times թերթը։

Թրամփ եղբայրները համոզված են, որ իրենք եւ իրենց հայրը արդեն բավական ջանքեր են գործադրել ստեղծելու կառավարման համակարգ, որը թույլ կտա խուսափել շահերի բախումից, որից ժամանակին տառապում էր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, երբ նրա ամուսին Բիլը շարունակում էր աշխատել Քլինթոն հիմնադրամում։ Այդ ջանքերը պարունակում են հստակ զգուշացում ամերիկյան եւ օտարերկրյա գործընկերներին, որ նրանց չի հաջողվի օգտվել ԱՄՆ նախագահ Թրամփի դիրքից։

Թրամփի երկու ավագ ոսդիները արդեն Trump Organization–ում աշխատելու փորձ ունեն, սակայն բիզնեսից Դոնալդ Թրամփի եւ նրա դուստր Իվանկայի հեռանալուց հետո եղբայրների պարտականություններն ավելացել են։ Այսպես, Էրիկը ղեկավարում է բիզնեսի շինարարական ճյուղը, իսկ Դոնալդ կրտսերը՝ ֆինասնական գործողությունները։

Հայտնի է, որ արդեն շաբաթ օրը՝ փետրվարի 18–ին, Թրամփ եղբայրները Արաբական Էմիրություններում կմասնակցեն նոր գոլֆ–ակումբի բացմանը, մեկ շաբաթ անց Վանկուվերում՝ հերթական Trump International Hotel–ի, իսկ Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո ներկա կլինեն ավելի քան 30 քաղաքներում  Scion բուտիկ հյուրանոցների բացմանը։