Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը Karar պարբերականում տպված հոդվածում անդրադարձել է սահմանադրական փոփոխություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշին։
Էթյեն Մահչուփյանը նշել է, թե առաջին անգամ իշխող կուսակցության մոտ ընկճված տրամադրություններ են նկատվել հենց խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկությունների ժամանակ։
«Միշտ իշխող կուսակցությունը մյուսների նկատմամբ ունեցել է բարոյական առավելություն։ Սակայն այս անգամ այդպես չի։ Իշխող կուսակցությունը կորցրել է բարոյական առավելությունը»,-գրել է Էթյեն Մահչուփյանը՝ շեշտելով, թե իշխող կուսակցությունը որեւէ կերպ չի կարողանում լուրջ հիմնավորում ներկայացնել սահմանադրական փոփոխություններին «այո» ասելու համար՝ սահմանափակվելով միայն գյուլենականների ու քուրդ զինյալների հետ կապված համեմատություններով։
«Խնդիրն այն է, որ իշխող համակարգը ժողովրդի վստահությունը չարաշահում է ու դրան արգելակող հանգամանքներ չկան»,-նշել է Մահչուփյանը։
Նշենք, որ Թուրքիայում սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում կառավարման նախագահական համակարգի։ Ապրիլի 16-ին այդ հարցով տեղի է ունենալու հանրաքվե, որն էլ կորոշի սահմանադրական փոփոխությունների ճակատագիրը։



























