Ֆրանսիայում նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ մամուլը շարունակում է ուշադիր հետեւել «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցիչ, երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի անվան հետ կապված ֆինանսական սկանդալին եւ կուսակցության ներսում առկա տարաձայնություններին։

Մասնավորապես, Le Figaro–ն «Հանրապետականների» թեկնածուի շուրջ սեփական կուսակցության ներսում աճող դժգոհությունը որակել է «ֆրոնդա» ՝ Լյուդովիկոս 14-ի օրոք Ֆրանսիայի պատմության փուլը, որը մի կողմից նշանավորվում էր անիշխանությամբ եւ դժգոհության տեղական օջախներով, մյուս կողմից՝  բացարձակ միապետության աստիճանական ձեւավորմամբ եւ ամրապնդմամբ։

Թերթը նշում է, որ «Հանրապետականների» տեղական մարմինները սկսել են հրաժարվել նախագահի թեկնածուի հետ հանդիպումներ անցկացնելուց, Ֆիյոնի քարոզարշավը «այնքան էլ հագեցած չէ իրադարձություններով», դրան գումարվում է նաեւ դժգոհությունը կուսակցության վերին օղակներում, որոնք պատրաստվում են առաջիկայում Ֆրանսուա Ֆիյոնի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հատուկ «հռչակագրով» հանդես գալ։

Le Figaro–ն նաեւ անդրադարձել է սկանդալին, որը կապված է նախկին վարչապետի կողմից իր կնոջը ֆիկտիվ աշխատանքի տեղավորելու հետ։ «Բարձրացած աղմուկի պատճառով գործի կարճումը քիչ հավանական է, սակայն դեռ  որքան կտեւեն Ֆրանսուա Ֆիյոնի տառապանքները՝ կիմանանք առաջիկա օրերի ընթացքում»,– գրում է թերթը։