ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը՝ ներգրավել մասնավոր ներդրողների միջոցները երկրի ճանապարհները, կամուրջներն ու օդանավակայանները արդիականացնելու ծրագրերում, կարող է բախվել արդեն ծանոթ բարդություններին, գրում է Bloomberg–ը։
Թրամփը, որը խոստացել էր 1 տրիլիոն դոլարի ներդրումներ ԱՄՆ–ի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացման եւ միլիոնավոր աշխատատեղերի ստեղծման համար առաջիկա 10 տարիների ընթացքում, մանրամասներ չէր հաղորդել, սակայն նշել էր, թե ակնկալվում է մասնավոր ներդրողների ակտիվ մասնակցությունը։
Անցած տարի ենթակառուցվածքային ծրագրերին 14 միլիարդ դոլարի ներդրում ապահոված Brookfield Asset Management Inc. ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Սեմ Փոլոքի խոսքով՝ խնդիրը կապիտալը չէ, այլ նախագծերը իրացմանը նախապատրաստելու հնարավորությունը։ Մասնավորապես, խոչընդոտ է խթանող օրենսդրության բացակայությունը, որը թույլ կտար մասնավոր կապիտալին համագործակցել ենթակառուցվածքների տեր տարբեր նահանգների կառավարությունների եւ վարչական մարմինների հետ, որոնք էլ, ի վերջո, հաստատում են այդ ենթակառուցվածքային նախագծերը։
Նախագծերի մի մասը չի կարող ապավինել կայուն երաշխավորված եկամուտին, օրինակ, ուղեվարձերից ստացվող վճարների տեսքով, հետեւաբար՝ չի կարող լինել հետաքրքրություն ներկայացնել մասնավոր ներդրողների համար։
Ներդրողները համարում են, որ Միացյալ Նահանգներում անհրաժեշտ է ենթակառուցվածքների ավելի լայնածավալ մասնավորեցում, որից ստացվող եկամուտները պետք է ուղղվեն նոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը։ Այնպես, ինչպես դա արվեց Ավստրալիայում, որտեղ բաշխիչ ցանցերի պետական ընկերության մասնավորեցումից ստացված 12,4 միլիարդ դոլարը ուղղեցին նոր դպրոցների եւ մայրուղիների կառուցմանը եւ տրանսպորտի ոլորտի նախագծերի իրականացմանը։
Վերջում Bloomberg–ը նշում է, որ դեռեւս Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց առաջ ամբողջ աշխարհում նկատվում էր ենթակառուցվածքային նախագծերի մեջ ներդրումների ծավալների աճ։ Ըստ Preqin վերլուծական կենտրոնի՝ 2016 թվականին այն կազմել էր ռեկորդային 413 միլիարդ դոլար։



























