Հայաստանում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Ազգային Ժողովի քաղաքական դիմագիծն էապես չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքագետ Գարիկ Քեռյանը:
«Նոր պատգամավորներ, թարմ դեմքեր կան, բայց նոր քաղաքական ուժ խորհրդարան չի մտել: Խորհրդարանն իր քաղաքական դիմագծով էականորեն չի փոխվել: Մեծամասնությունը նույնն է մնացել, «Ծառուկյան» դաշինքը նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, ՀՅԴ-ն էլի նույնն է, միակ նորությունը «Ելք» դաշինքն է, սա էլ մասամբ՝ Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հնաբնակիներից են»,-ասաց նա:
Գարիկ Քեռյանը նշեց, որ Հայաստանն այն երկիրն է, որի եւ ներքին քաղաքականության եւ արտաքին քաղաքականության զարգացումը կապված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից եւ այս հարցում նոր խորհրդարանը պետք է իր խոսքն ասի:
«Խորհրդարանը պետք է ակտիվություն ցուցաբերի օրինագծերի, օրենսդրական նախագծեր ներկայացնելու հարցում, որոնք պետք է մեր ներքին սոցիալ-տնտեսական վիճակն արմատապես փոխեն, կանգնեցնեն արտագաղթը: Եթե այսօր խորհրդարանական ուժերը չգիտակցեցին ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը եւ շարունակեցին քաղաքական իմիտացիաներով զբաղվել եւ հանգստանալ մինչեւ մյուս ընտրությունները, դա լուրջ բացասական հետեւանքներ կունենա: Մենք ունենք հակառակորդ պետություն, որի բնակչությունն արդեն 9 միլիոնի է հասնում եւ այս իրավիճակն այսպես թողնել չի կարելի: Սա ոչ թե սպառնում է քաղաքական ուժերին, կամ 1-2 գործչի, պաշտոնյայի, այլ ամբողջ Հայաստանին»,-ասաց նա:




























