ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ ապրիլի 17-ին, ընդունել է  Եվրահանձնաժողովի բնակչության պաշտպանության եւ մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության (DG ECHO) Արեւելյան հարեւանության, Կենտրոնական Ասիայի, Իրաքի եւ Իրանի արագ արձագանքման համակարգող՝  Սրդան Ստոյանովիցին:

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ-ի, ՄԱԶԾ-ի եւ DG ECHO-ի համագործակցությունը աղետների ռիսկի կառավարման եւ նվազեցման ոլորտում, ինչպես նաեւ՝ հետագա համատեղ ծրագրերի իրականացման ընդլայնումը տարածաշրջանային մակարդակով:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարեւորեց Հայաստանի եւ Եվրամիության համագործակցությունը քաղաքացիական պաշտպանության բնագավառում, ինչը կարող է նաեւ խթանել աղետների ռիսկի նվազեցման գործընթացը եւ դրա շուրջ համագործակցությունը  տարածաշրջանային մակարդակում:

Կողմերը քննարկեցին արտակարգ իրավիճակների ոլորտում փորձագետների փոխանակման եւ վերապատրաստման հնարավորությունները:

Անդրադարձ եղավ նաեւ Հայաստանի համայնքներում աղետների ռիսկի նվազեցման  եւ դիմակայութնության բարձրացման հնարավորություններին: Համագործակցության այս բաղադրիչի հաջողված մեկնարկը Սյունիքի Կապան եւ Քաջարան քաղաքային համայնքներում դիմակայունության բարձրացմանն ուղղված պիլոտային ծրագրի մեկնարկն էր. այն է՝ սելավավտանգ հատվածների ուսումնասիրություն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: 

Նշենք, որ Ս.Ստոյանովիցը կայցելի նաեւ Սյունիքի մարզի ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն՝ ծրագրի շրջանակներում ստեղծված քաղաքային եւ մարզային ազդարարման համակարգի աշխատանքին ծանոթանալու նպատակով: