Հայաստանի արտաքին գործերի նախարարը եւ ԱՄՆ պետական քարտուղարը ուղերձներ փոխանակեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ձեւավորել են փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերություններ եւ տարբեր ոլորտներում բազմաթիվ նշանակալի ձեռքբերումներ են արձանագրել:

Հայաստանի արտգործնախարարն ընդգծում է, որ Միացյալ Նահանգներն առաջին պետությունն էր, որ իր դեսպանությունը հիմնեց Երեւանում եւ կանգնեց նորանկախ պետության կողքին, այդ թվում՝ լայն աջակցության ծրագրերի միջոցով, որոնք հատկապես կենսական էին պետության կայացման առաջին տարիներին:

Նախարար Նալբանդյանը գրում է, որ հայ-ամերիկյան բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը վերընթաց զարգացում է ապրում: Երկու երկրները սերտորեն համագործակցում են միջազգային կազմակերպություններում՝ իրենց ներդրումը բերելով միջազգային ջանքերին՝ լուծումներ գտնելու ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին:

Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովն ու Առեւտրի եւ ներդրումների խորհուրդը տնտեսական համագործակցությունը առաջ մղելու արդյունավետ ձեւաչափեր են հանդիսանում: Անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ զարգացման եւ ներդրումային ծրագրերին՝ նախարար Նալբանդյանը նշում է, որ դրանք երկկողմ համագործակցության կարեւոր մաս են կազմում, որը մենք նպատակադրված ենք առավել ընդլայնել:

Իր ուղերձում Էդվարդ Նալբանդյանը շեշտում է, որ երկու երկրների հասարակությունների միջեւ շփումները խորանում են: Նախարարի խոսքերով, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ արդյունավետ համագործակցություն է ծավալվում գիտության, տեխնոլոգիաների, մշակույթի, կրթության եւ շատ այլ ոլորտներում:

Նախարար Նալբանդյանը նշում է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է ԱՄՆ դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, եւ վերահաստատում է Հայաստանի վճռականությունը՝ շարունակելու համանախագահների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

Էդվարդ Նալբանդյանը շեշտում է ԱՄՆ հայ համայնքի շոշափելի ներդրումը երկու պետությունների միջեւ հարաբերություններում` համոզմունք հայտնելով, որ այն կշարունակի հայ-ամերիկյան գործընկերության կարեւոր կամուրջ հանդիսանալ:

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր ուղերձում բարձր է գնահատում նախորդ քառորդ դարի ընթացքում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ ծավալված գործընկերությունը:

ԱՄՆ պետքարտուղարը շեշտում է, որ Միացյալ Նահանգները հպարտ է Հայաստանի անկախությունից ի վեր միասին գրանցած ձեռքբերումներով:

Պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ ամերիկահայությունը անգնահատելի ներդրում է կատարում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների զարգացման գործում:

Խոսելով հայ-ամերիկյան հարաբերությունների ապագայի մասին` Ռեքս Թիլերսոնն ընդգծում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի կառավարության, գործարար շրջանակների եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը՝ անվտանգությունը, ժողովրդավարությունն եւ տնտեսական զարգացումը խթանող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ:

Անդրադառնալով ԱՄՆ եւ Հայաստանի միջեւ աճող տնտեսական համագործակցությանը՝ պետքարտուղար Թիլերսոնը նշում է, որ հատկապես խոստումնալից են վերջին տարիներին պատմական բարձր մակարդակի հասած ԱՄՆ ներդրումները Հայաստանում:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծում է, որ Հայաստանն ունի հսկայական ներուժ, եւ լավատեսություն է հայտնում երկու երկրների միջեւ փոխշահավետ առեւտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման հնարավորությունների շուրջ:

Պետքարտուղարը շեշտում է, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները շարունակում է վճռական հանձնառությունը՝ աջակցելու ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանը: