ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մայիսի 2-ին անցել է իր պարտականությունների կատարմանը, հայտնում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը։

«Մայիսի 2-ին Յուրի Խաչատուրովը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2017-ի ապրիլի 14-ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումով, անցել է իր պարտականությունների կատարմանը։

ՀԱՊԿ Քարտուղարություն ժամանելուց հետո Յուրի Խաչատուրովը հանդիպել է կոլեկտիվի հետ։ Անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր առաջնայնություններին՝ նա նշել է դրանցից գլխավորը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ փոխգործակցության հետագա ամրապնդումը։ «Մեր խնդիրն է միշտ հետեւել ՀԱՊԿ գլխավոր սկզբունքին՝ Մեկը բոլորի համար, ու բոլորը՝ մեկի համար»,- ասել է Յուրի Խաչատուրովը Կազմակերպության քարտուղարության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։

Մայիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազմակերպության մշտական խորհրդի ծրագրված նիստին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ-ում ներկայացնում է Հայաստանը։

Մայիսի 2-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ազատել է Յուրի Խաչատուրովին երկրի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։