Արցախում հնագիտական հետազոտությունները միանշանակ զգալի ձեռքբերումներ ունեն, բայց դրանք այն լակմուսի թուղթն են, որը ցույց է տալիս մեր պետական կառույցների ու մտավորական շրջանակների ոչ պետական մտածողությունը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մայիսի 4-ին հայտնել է Տիգրանակերտի գիտարշավի ղեկավար Համլետ Պետրոսյանը։
Նա նշել է, որ Արցախում հետազոտություններն ուղղակիորեն կապակցված են հայկական ինքնության ու հայկական պատմության հարցերի հետ։ Սակայն այդ հետազոտությունները մշտապես բախվում են մի շարք խոչընդոտների, օրինակ՝ Արցախի չճանաչված լինելու պատճառով միջազգային դրամաշնորհներ ստանալու անհնարությանը, մշակութային ժառանգությունը պահպանել կոչված միջազգային կառույցների քաղաքականացվածությանը ու Հայաստանի կողմից համապատասխան պետական քաղաքականության բացակայությանը։
Համլետ Պետրոսյանը նկատեց, որ բացի ամենայնից մարդու անքակտելի իրավունքներից մեկն է նաեւ մշակույթի իրավունքը ու դա վերաբերում է նաեւ Արցախի ժողովրդին։ «Այդ իրավունքի շրջանակում են գտնվում նաեւ պատմությունը, հնագիտությունը, մշակութային ժառանգության հետազոտությունը ու դրա գործածումը սեփական զարգացման համար։ Բայց միջազգային կառույցները, որոնք ստեղծված են այդ իրավունքի պաշտպանության համար, հակառակն են անում՝ արգելում են հետազոտությունները չճանաչված տարածքներում»,- ասաց նա՝ հավելելով, որ օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նման կառույցում նախագահի պաշտոնի համար առաջադրված է Փոլադ Բյուլբուլ Օղլին, որը պատասխանատու է Ջուղայի խաչքարերի ոչնչացման համար։ «Կընտրվի նա, թե ոչ, արդեն կարեւոր չէ, խնդիրն այն է, որ այդ կառույցը նման հնարավորություն է ստեղծել»,- ասել է Համլետ Պետրոսյանը։
Հնագետի խոսքով, ինքն անձամբ մշտապես ենթարկվում է ճնշումների մի շարք կազմակերպությունների կամ գիտնականների կողմից, որոնք կոչ են անում իրեն դադարեցնել հետազոտությունները Արցախում։ Դրանցից են Հայաստանում հնագիտական մեծ գիտարշավի ղեկավար, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ադամ Սմիթը, նաեւ Գրիգոր Արեշյանը՝ Քալիֆորնիայի համալսարանից։ «Ես համարում եմ դրանք միանշանակ հակահայկական, դավաճանական քայլեր»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ կապակցությամբ իր համար անհասկանալի է Հայաստան պետության վերաբերմունքը, որը ենթարկվում է նման կառույցների ու մարդկանց ճնշումներին ու այդ հարցում համապատասխան քաղաքականություն չի իրականացնում։
Նա լրագրողներին հայտնել է, որ օրինակ Գիտության պետական կոմիտեն մերժել է ֆինանսավորել իրենց նախագիծը, պատճառաբանելով միջազգային փորձագետների կողմից ցածր գնահատականով։ Մինչդեռ դրա փոխարեն պետք է բոլորով միասին ջանքեր գործադրեին Արցախում հետազոտոթյունները շարունակելու համար, նշեց նա։ Ընդ որում նրանք միջազգային կառույցներից դրամաշնորհներ ստանալ էլ չեն կարող, Արցախի կարգավիճակի պատճառով։
Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի ղեկավար Լեւոն Եպիսկոպոսյանը, որը հնէաբանական հետազոտություններ է իրականացնում Արցախի Քարինտակ գյուղի քարանձավում, պարզաբանեց, որ Համլետ Պետրոսյանը աշխատում է ազատագրված տարածքներում ու այդ կապակցությամբ բազմաթիվ խոչընդոտներ են առաջանում։ Բայց նրա գիտարշավը նույնպես մի շարք դժվարությունների է բախվել, չնայած նախկին ԼՂ ինքնավար մարզի տարածքում է աշխատում։ Դրանցից մեկն է օտարերկրյա ֆինանսավորում ստանալու անհնարությունը։ Երկրորդը՝ այն ճնշումը, որին ենթարկվում են նրանց օտարեկրացի գործընկերները ՝ Արցախում գիտարշավին մասնակցելու համար։ Եվ դրան նպաստում է Ադրբեջանը, որը օգտագործում է պետական մեքենայի բոլոր հնարավորությունները՝ հայաստանյան իշխանությունների անգործությանն ի պատասխան։
Մասնավորապես, ինչպես պատմեց Լեւոն Եպիսկոպոսյանը, Ադրբեջանին հաջողվել է մեկ տարով հետաձգել Azokh Cave and the Transcaucasian Corridor գրքի հրատարակումը, որը տպագրության էր պատրաստվում Շվեյցարիայում, Նիդեռլանդներում ու ԱՄՆ-ում։ Իսկ գրքի հրատարակումից հետո իրենց համալսարանների կողմից ճնշումների են ենթարկվել այն գիտնականները, որոնք մասնակցել են Արցախում գիտարշավին ու գրքի ստեղծմանը։ Նրանց ասվել է, որ նրանք կարող են այդ հետազոտություններին մասնակցել որպես անհատներ, այլ ոչ թե գիտական կազմակերպությունների անունից։ Մեծ Բրիտանիայից իր գործընկերներից մեկին Լեւոն Եպիսկոպոսյանը ձեւակերպել է որպես Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի աշխատակից, որպեսզի շրջանցի այդ խոչընդոտները։ «Ես երազում եմ, որ մեր ԱԳՆ-ն կարողանար դիմել նման քայլերի»,- ասել է նա։
Ընդ որում երկու գիտնականներն էլ շեշտել են մի շարք արտասահմանյան հայագիտական կենտրոնների ամենեւին էլ ոչ հայամետ դիրքորոշումը։ Օրինակ Հարավային Քալիֆորնիայի համալսարանի հայագիտության կենտրոնը անցալ տարի մի շարք փոքր դրամաշնորհներ է հատկացրել Արցախի հետազոտություններին, բայց իրապես հայագիտական նախագծերից ոչ մեկը ֆինանսավորում չի ստացել։ Այն ստացել են, Լեւոն Եպիսկոպոսյանի խոսքով, անհասկանալի, անորոշ ու անարդյունք գենդերային, քաղաքական ու սոցիալական նախագծերը։
«Նախ մենք չենք կարողանում ստանալ համապատասխան ֆինանսներ։ Երկրորդ, մենք չենք կարողանում մեր պետական կառույցների օգնությամբ վարել ավելի հստակ, արտահայտված քաղաքականություն։ Ես շատ կցանկանայի, որ Տիգրանակերտին վերաբերվեին ինչպես Թուրքիայում Ուրարտական շինություններին, որտեղ պետությունն ասում է, որ Ուրարտուն Թուրքիայի վարկանիշի, մարկետինգի մի մասն է ու մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի աշխարհը խոսի Թուրքիայում գտնվող ուրարտական հուշարձանների մասին։ Նույնն եմ ես ակնկալում մեր պետությունից»,- ամփոփեց Համլետ Պետրոսյանը։




























