Նախագահ Սերժ Սարգսյանը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Qatar Airways ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բաքրի հետ:

Զրուցակիցները քննարկել են ավիացիոն բնագավառում հայ-կատարական համագործակցության ընթացքն ու զարգացման հնարավորությունները: Նախագահ Սարգսյանը երկկողմ միջպետական հարաբերությունների օրակարգն ընդլայնելու գործում էական դերակատարում է վերապահել Qatar Airways ավիաընկերության կողմից իրականացվող ավիաթռիչքներին. Qatar Airways-ը հայկական ավիափոխադրումների շուկա է մուտք գործել 2016թ. մայիսից` իրականացնելով Դոհա-Երեւան-Դոհա երթուղով կանոնավոր օդային փոխադրումներ:

Նախագահի համոզմամբ, տարեցտարի Ծոցի երկրներից, այդ թվում՝ Կատարից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի ավելացման գործում վճռորոշ դեր ունի ուղիղ ավիաչվերթերի առկայության հանգամանքը:

Նշելով, որ 2013 թվականից Հայաստանը որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականություն՝ Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ քաղաքացիական ավիացիայի եւ օդային հաղորդակցության ոլորտում Հայաստանի կողմից վարվող այդ քաղաքականությունը նոր հնարավորություններ է ընձեռում թե՛ հայկական եւ թե՛ արտասահմանյան ավիաընկերություններին՝ ապահովելով բոլորի համար հավասար եւ ազատ մրցակցային պայմաններ:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի եւ կաջակցի Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ավիացիոն բնագավառում կատարցի ներդրողներին:

Qatar Airways ընկերության գործադիր տնօրենը տեղեկացրել է Նախագահ Սերժ Սարգսյանին, որ Նորին Վսեմություն Կատարի Էմիրից արդեն ստացել է հանձնարարություն` իր գլխավորած ոլորտում Հայաստանի հետ զարգացնելու փոխգործակցությունը եւ վստահեցրել է, որ կանի ամեն ինչ այդ հանձնարարությունը իրականացնելու համար: Աքբար Ալ Բաքրը նշել է, որ ավիաընկերությունը տեսնում է համագործակցությունը զարգացնելու ներուժ եւ ձգտում է զարգացնել փոխշահավետ հարաբերություններ: