Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակությունը քննարկում է ավստրիական ավիաընկերության դեմ հայց ներկայացնելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց խորհրդարանի ԲՀԿ-ական պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Պատվիրակությունը, որը դեկտեմբերի 1-2-ը Բրյուսելում մասնակցում էր կոմիտեի 11-րդ նիստի աշխատանքներին, մեծ դժվարությամբ է Հայաստան վերադարձել եւ ստիպված է եղել 24 ժամ սպասել եվրոպական օդանավակայաններում: Պատվիրակությունը պետք է Երեւան ժամաներ Բրյուսել-Վիեննա-Երեւան չվերթով, որն իրականացնում է ավստրիական ավիաընկերությունը: Դեկտեմբերի 3-ին հայկական պատվիրակությունը 5 ժամ մնացել է օդանավակայանում, որովհետեւ վիեննական օդանավն այդպես էլ չի ժամանել:
«Եվրոպայում եղանակային պայմանների պատճառով մենք երկար ժամանակ ստիպված ենք եղել անցկացնել Բրյուսելի, այնուհետեւ՝ Վիեննայի օդանավակայանում: Այնուհետեւ Վիեննայից Երեւան ուղարկելու փոխարեն՝ ավիաընկերությունը մեզ հայտնեց, որ այլեւս չվերթ չկա եւ մեզ ուղարկել են Փարիզ: Մենք մի քանի ժամ մնացել ենք նաեւ Փարիզի օդանավակայանում: Խնդիրն այն է, որ ըստ կարգի, եթե թռիչքը 4 ժամից ավելի ձգձգվում է, ապա ավիաընկերությունը պարտավոր է քաղաքացուն ապահովել հյուրանոցով: Սակայն ավստրիական ավիաընկերությունը հրաժարվեց դա անել, ասելով, որ իրենց մոտ «ֆորս-մաժոր» է եւ որեւէ բան անել չեն կարող»,-ասաց Զոհրաբյանը: Նա նաեւ հավելեց, որ խնդիրը պատվիրակությունում քննարկվել է եւ, հավաբանար, ավստրիական ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչությունից այդ առթիվ համապատասխան պարզաբանումներ է պահանջելու:
Պատգամավորը «հումորի ժանրից» որակումը տվեց այն մեկնաբանություններին, թե հայկական պատվիրակության հետ տեղի ունեցածը ինչ-ինչ մութ ուժերի ձեռքի գործն է, ովքեր որոշել են պատժել հայկական պատվիրակությանը՝ «քաղբանտարկյալների մասով մեղմ որոշումների եւ իշխանությունների սրտով բանաձեւ հաջողացնելու համար»:



























