Թուրքիայի Տրապիզոնում ապրող 90–ամյա պապիկը 5 տարի հավաքած 1470 դոլարը ընկերը գցել է վառարանը։

Թուրքական Gazeteduvar կայքի փոխանցմամբ՝  Տրապիզոնի թեյարաններից մեկում նստած Հասան Սարաչը ընկերոջն է տվել 1470 դոլար՝ խնդրելով տանել բանկ, որ դրանով մեկնի հաջի։ Ընկերը կարծելով, թե Հասան Սարաչը կատակ է անում եւ դոլարները կեղծ են, հարցրել է, թե դրանք գցի՞ վառարանը։ Հասան Սարաչն էլ կատակով դրական է պատասխանել, որից հետո ընկերը դոլարները նետել է վառարանը։

90–ամյա պապիկն ապշած անմիջապես նետվել է ու վառարանից հանել փողերը, սակայն դրանք արդեն կիսայրված են եղել։

Հասան Սարաչը նշել է, թե չի նեղացել ընկերոջից, քանի որ իր սխալն է եղել, որ ճիշտ չի հասկացել ընկերոջը եւ դրական է պատասխանել վառարանը գցելու նրա հարցին։ «Ոչինչ, նորից կհավաքեմ այդ գումարը եւ կգնամ հաջի»,–ասել է 90–ամյա Հասան Սարաչը։