Սպորտային հագուստ եւ կոշիկ արտադրող Nike ընկերության ապրանքանիշի զարգացման նախագահ Թրեւոր Էդվարդսը հրաժարական է տվել՝ աշխատավայրում անվայելուչ պահվածքի հետ կապված աշխատակիցների բողոքից հետո, հայտնում է The Wall Street Journal-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ ընկերության մի քանի աշխատակիցներ ղեկավարությանը բողոքել են անվայելուչ պահվածքի մի քանի դեպքերի պատճառով, որոնց բախվել են աշխատավայրում: Բողոքների բնույթը չի հրապարակայնացվում, սակայն Nike-ից հայտարարել են, որ բացահայտված դեպքերը «չեն համապատասխանում ընկերության բազային արժեքներին»:
Պարբերականը հայտնում է, որ ստուգումներից հետո գլխավոր տնորեն եւ տնօրենների խորհրդի նախագահ Մարկ Փարքերը իր ենթականերին հաղորդագրություն է ուղարկել՝ նշելով, որ Էդվարդսը, որը Nike-ի կառավարման կառույցում երկրորդ մարդն էր, հրաժարականի դիմում է ներկայացրել: 55-ամյա Էդվարդսը անմիջապես դադարեցնում է իր պարտականությունների կատարումը: Պաշտոնապես հաստիքացուցակից կհանվի մի քանի ամիս հետո:
Ըստ որում, ինչպես հայտնում է The Wall Street Journal-ը, ընկերությունից ընդգծել են, որ կոնկրետ Էդվարդսին աշխատակիցներից ոչ մեկը որեւէ մեղադրանք չի ներկայացրել: Սրա հետ կապված հստակ չէ՝ համանման բողոքները արդյոք կապ ունեն անձամբ նրա՞, թե՞ ղեկավարության այլ անդամների հետ:
Պարբերականի տեղեկություններով՝ Էդվարդսը համարվում էր Nike-ի գլխավոր տնօրենի պաշտոնում 62-ամյա Փարքերի ամենահավանական ժառանգորդը: Էդվարդսի հրաժարականի մասին հաղորդումներից հետո Փարքերը հայտարարել է, որ ծրագրում է շարունակել ընկերությունը ղեկավարել առաջիկա տարիներին եւս:




























