ԵՏՄ երկրները կաշխատեն եվրասիական բրենդ ստեղծելու ուղղությամբ։ Այս մասին մարտի 18-ին՝ «Բելառուս 1»–ի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ 
Նա նշել է, որ ԵՏՄ երկրների միջեւ իրականացվող առեւտրում  ոչ հումքային ապրանքների կշիռն աճում է  եւ, կանխատեսումների համաձայն,  2018 թվականին այդ միտումը կշարունակվի։ 

Դրա հետ մեկտեղ Տիգրան Սարգսյանը ափսոսանք է հայտնել, որ դեռեւս չկա եվրասիական բրենդ՝ խոշոր նախագիծ, որին կմասնակցեն բոլոր երկրները։ Աշխատանքն իրականացվում է 12 ուղղություններով, որտեղ համատեղ նախագծերի իրականացման ներուժ կա։ Այս ոլորտների թվում նա նշել է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, տեխնիկական ոլորտը։ 

Տիգրան Սարգսյանը նաեւ խոսել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած Մաքսային օրենսգրքի առաջին արդյունքների մասին։ 
«Դա շատ առաջադեմ փաստաթուղթ է եւ ուղղված է դեպի ապագա։ Դրական է այն, որ ժամանակը, որ բիզնեսը ծախսում էր փաստաթղթերի ձեւակերպման, ապրանքների հայտարարագրման վրա, կտրուկ կրճատվել է»,–նշել է նա։