ՀՀ քաղաքացի դպրոցականներին հնարավորություն կընձեռնվի արտերկրում ուսումն ավարտել, նոր միայն ծառայության անցնել ՀՀ Զինված ուժերում: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նշել է օրինագծի հեղինակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը:

Նրա խոսքով, առաջարկվում է օրենքում ավելացնել «կամ օտար երկրներում» բառերը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո:

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում բացթողում կա: Մասնավորապես, օտար երկրներում կրթված երեխաների հարցը չի դիտարկվում: Խոսքը վերաբերում է այն երեխաներին, որոնք սովորում են օտար երկրների հանրակրթական ուսումնական հաստատություններում: Մենք ունեցել ենք բացթողում եւ չենք դիտարկել այն երեխաների հարցը, որոնք դրսում են դպրոց գնում: Առաջարկել եմ լրացում կատարել, որ դիտարկենք օտար երկրներում սովորող երեխաներին տարկետման իրավունք տալու հարցը: Խոսքն այն դեպքերի մասին է, որ դեռ դպրոցը չավարտած երեխան զինապարտության խնդիր է ունենում:

Եթե օրինակ 18 տարեկանը լրանում է 12-րդ դասարանում, թույլ տանք, որ նա ավարտի ուսումը»,-ասաց նա՝ հավելելով, որ նման իրավունքից օգտվում են ՀՀ դօպրոցներում սովորող աշակերտները, իսկ օտար երկրում սովորող երեխաները չեն օգտվում:

Նշենք, որ Հայաստանը ԵՏՄ միակ երկիրն է, որը անցել է միջնակարգ 12–ամյա կրթության, որի արդյունքում շատ դպրոցականներ դպրոցն ավարտում են չափահաս դարձած եւ զինապարտության տարիքում։