«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետորսյանի բնութագրմամբ «թայֆաբազություն» է Հանրային ծառայության մասին օրենքի նախագծում կառավարության այն փոփոխությունը, որ փոխնախարարների եւ համայնքապետների տեղակալների պաշտոնները հայեցողական կարգավիճակից ստանա քաղաքականի կարգավիճակ։ NEWS.am-ի հետ զրույցում Գեւորգ Պետրոսյանը դժվարացավ ստույգ ասել՝ ինչու է իշխանությունը որոշել քաղաքականացնել տեղակալի պաշտոնը, սակայն պնդեց, որ այդպիսով աշխատանքի երաշխիքը դրվում է վտանգի տակ։
Ի դեպ թեեւ մինչ այս պահը այդ պաշտոնները եղել են հայեցողական, սակայն որպես կանոն դրանք հիմնականում զբաղեցրել են կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները։
«Այս փոփոխությամբ խախտում են այն ընդհանուր դրույթը, որ քաղաքական պաշտոնյան քաղաքական որոշում է կայացնում ու ի կատար ածում։ Փոխնախարարը, համայնքի ղեկավարի տեղակալը երբեք քաղաքական որոշում կայացնող սուբյեկտ չեն եղել։ Նրանք ընդամենը կատարել են իրենց վերադասի՝ քաղաքական պաշտոնյայի հանձնարարականը։ Հիմա նրանց դնելով քաղաքական պաշտոնյայի կարգավիճակում, կներեք, ես թայֆաբազության հոտ եմ առնում։ Այսինքն՝ նախարարը փոխվեց, տեղակալները վայր են դնում լիազորությունները, այսինքն մարդու՝ երաշխավորված աշխատանքային հարաբերությունների կայացման սկզբունքը, որն ունի ինչպես ներպատական իրավական ամրապնդում, այնպես էլ միջազգային իրավական ակտերով ամրագրված է, խախտվում է»,–մեկնաբանեց պատգամավորը՝ շեշտելով, որ անկախ իր աշխատանքային արդյունավետությունից՝ մի օր կարող է լինել պաշտոնյա, մի օր՝ ոչ։
«Գերատեսչություններում հիմնական աշխատողները փոխնախարարներն են։ Մասնագիտական աշխատանքի հիմնական բեռը նրանց վրա է դրված։ Թվում է՝ քաղաքական պաշտոնյաներ դարձնելով իրենց պատիվ ենք տալիս, բայց իրականում ծառայողական աշխատանքի երաշխիքը դնում ենք լուրջ վտանգի տակ»,-ընդգծեց նա:



























