Հուլիսի 6-ին երկօրյա պետական այցով Հայաստան կժամանի Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը տիկնոջ` Էլսի Խրիստոֆիայի հետ:
Նույն օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Կիպրոսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Սերժ Սարգսյանի եւ Դիմիտրիս Խրիստոֆիասի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Կիպրոսի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում: Երեւանի քաղաքապետարանում Դիմիտրիս Խրիստոֆիասը հանդիպում կունենա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եւ Երեւան քաղաքի մի խումբ պատվավոր քաղաքացիների հետ, ինչպես նաեւ կշրջի Երեւանի պատմության թանգարանում:
Հուլիսի 7-ին Կիպրոսի ղեկավարը կմեկնի Հայաստանից:



























