IQOS-ի աշխատանքը բացառում է այրումը, որի շնորհիվ վնասակար եւ պոտենցիալ վնասակար նյութերի առաջացումը միջինում 90-95 տոկոսով ցածր է, քան սովորական սիգարետի դեպքում: Այս մասին հայտարարել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալյա Մայորովան:
Նրա խոսքով, Ֆիլիպ Մորրիսի IQOS նորարարական արտադրանքը պաշտոնապես հայկական շուկայում հայտնվել է 6 ամիս առաջ, եւ ամեն օր մոտ 100 չափահաս ծխողներ Հայաստանում ընտրում են հենց այդ արտադրանքը:
«Մենք գիտենք, որ ծխելը վնասակար ու վտանգավոր է: Սիգարետի այրման ժամանակ քաղցկեղածիններ եւ մոտ 6 հազար նյութեր են առաջանում, որոնցից 100-ը՝ վնասակար եւ պոտենցիալ վնասակար: Գիտականորեն ապացուցված է, որ հենց սիգարետի ծխում առկա վնասակար նյութերն են ծխելու հետ կապված հիվանդությունների առաջնային պատճառը։
IQOS-ի դեպքում խոսքը ոչ թե այրման, այլ տաքացման մասին է, ինչի շնորհիվ վնասակար եւ պոտենցիալ վնասակար նյութերի մակարդակը միջինում 90-95 տոկոսով ցածր է, քան սիգարետի դեպքում: Դա խոսում է այն մասին, որ արտադրանքը, թեև զերծ չէ ռիսկերից, բայց և այնպես այն առողջությանը ավելի քիչ վնաս հասցնելու պոտենցիալ ունի՝ այրման պրոցեսի բացակայության շնորհիվ», - ասաց Մայորովան:
Նա չհերքեց, որ իրենց այլընտրանքային արտադրանքի հետ օգտագործվող թութունը հակվածություն է առաջացնում, ինչն, ի դեպ, նշված է հենց ծխախոտային գլանակների տուփի վրա. «Մեր նորարարական սարքի հետ օգտագործող թութունը պարունակում է նիկոտին, որը, ինչպես գիտականորեն ապացուցված է, հակվածություն է առաջացնում: Մենք դա ընդունում ենք։ Այնուամենայնիվ, նիկոտինը չէ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունների առաջնային պատճառը»:
Մայորովան վկայակոչեց տարբեր հետազոտությունների արդյունքներ, որոնց համաձայն IQOS օգտագործողների ճնշող մեծամասնությունը չափահաս ծխողներն են. «Այս արտադրանքը մշակվում է ավելի քան 10 տարի: Բնական է, որ առաջին հետազոտությունները մենք ինքներս ենք արել, քանի որ չէինք կարող շուկա դուրս գալ մի արտադրանքով, որը ավելի մեծ ռիսկեր կունենար մեր սպառողների համար և կվնասեր մեր հեղինակությանը: Երբ մեր հետազոտությունները հաստատեցին, որ այլընտրանքային արտադրանքը ավելի վնասակար չէ, քան սովորական սիգարետը, մենք սկսեցինք քննարկել, թե արդյոք կա՞ վնասը նվազեցնելու պոտենցիալ՝ սիգարետի համեմատ։ Այդ ուղղությամբ մենք հետազոտություններ են անցկացնում նաև հիմա։ Մեզ ոգևորում է, որ ներկայումս առկա հետազոտությունները վկայում են, որ մենք ճիշտ ուղղություն ենք ընտրել»:
«Մեր ընկերության ապագան կապված է առանց ծուխ արտադրանքի հետ: Մենք կարող ենք սպառողի պահանջարկը բավարարել հենց այդ թրենդում», - հավելեց նա:
Մայորովան նշեց, որ իրենց սկզբունքը պարզ է․ արտադրանքը պետք է գրավիչ լինի չափահաս ծխողների համար, որպեսզի նրանք թողնեն ծխելը եւ անցնեն այլընտրանքային արտադրանքի. «Բացի նիկոտինից, ծխողին գրավում են ինչ-որ սենսորային զգացողություններ և ծիսակարգ: Այսպիսով, որպեսզի ծխողը անցնի ավելի նվազ վնասակար լինելու պոտենցիալ ունեցող այլընտրանքի, նրան պետք են այդպիսի զգացողություններ: Մեր արտադրանքը համապատասխանում է չափահաս ծխողների պահանջներին. այն առավելագույնս պատճենում է նախորդ փորձը, սակայն նոր տեխնոլոգիաների շնորհիվ բացառում է այրման գործընթացը», - հավելեց Մայորովան:
«Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյանն էլ տեղեկացրեց, որ IQOS-ն իրացվում է աշխարհի շուրջ 30 երկրներում: ԱՊՀ երկրներից խոսքը Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ուկրաինայի մասին է:
Նրա խոսքով, այդ տեսակի ապրանքների համար պետք է ստեղծվի համապատասխան օրենսդրություն: «Ապրանքը պետք է տեխնիկապես ճիշտ նկարագրվի, պետք է կատարվի ապրանքի տեխնիկական փաստաթղթավորում եւ տեխնիկական ընթացակարգ մշակվի»,-ասաց Դանիելյանը:
Նրա խոսքով, Philip Morris-ի ներդրումները գիտահետազոտական գործունեության մեջ անցնում են 4,5 մլրդ դոլարից:
































