50 տարի առաջ ստեղծված Նուբարաշենի աղբավայրը, որը միակն է Երեւանում, իր այսօրվա գոյությամբ չի բավարարում ոչ մի չափանիշի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, քաղաքապետարանում Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը:
Վերջիններս պահանջում են գոնե հողով ծածկել աղբավայրը, որ գարշահոտությունը չլցվի իրենց տները:
Կամո Արեյանը համաձայնեց բոլոր մտահոգությունների հետ՝ նշելով, որ աղբավայրն, իսկապես, վտանգ է ներկայացնում թե բնապահպանական, թե առողջության, թե քաղաքաշինական, թե հողերի աղտոտման տեսանկյուններից:
«Հեռանկարը հետեւյալն է, որ ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքվել է վարկային համաձայնագիր, որ այդ վայրին հարակից ստեղծվի նոր, ժամանակակից աղբավայր: Մրցութային փաթեթը հաստատվել է եւ մրցույթը կհայտարարվի մոտ ժամանակներս: Աղբավայրը լինելու է պարսպապատված, լուսավորության համակարգով հագեցած, ընդունիչ կետով, պահակային ծառայությամբ, կշեռքով: Ամբողջ ստորգետնա տարածքը դառնում է դրենաժային համակարգ, որպեսզի ջրերը չկուտակվեն, չաղտոտեն տարածքը, հոտի տարածում չլինի: Բացի այդ, ամբողջ հատակը ջրամեկուսացվում է՝ հողերը հետագա աղտոտումից փրկելու համար: Իսկ հիմա աղբավայրի ջրերը հոսում են մինչեւ Էրեբունի եւ լցվում ջրանցքը: Աղբայարն ունենալու է նաեւ պարտադիր ցողման եւ հողածածկման աշխատանքներ: Յուրաքանչյուր ընդունունից հետո պետք է տոփանվի աղբը, ցողվի ջրով, որպեսզի հոտի խնդիրը վերանա: 28 հա վրա պետք է կառուցվի աղբավայրը: 1-2 տարվա ընթացքում կմեկնարկի ծրագիրը: Այսդինքն այս ամենը առնվազն 2 տարի կտեւի»,-ասաց Արեյանը:
Նա տեղեկացրեց, որ նույն ծրագրի շրջանակում կատարվելու է այսօր գործող աղբավայրի ամբողջական կոնսերվացիա եւ այդ հողերը դառնալու է օգտագործելի:
Ինչ վերաբերում է այսօր ստեղծված իրավիճակին եւ հնարավոր լուծումներին, քաղաքապետի պաշտոնակատարն ասաց. «Այս պահին առաջարկում եմ, որ օպերատորը հարթեցման աշխատանքները դարձնի պարբերաբար, առավելագույնս անել ամեն ինչ, որ աղբը հնարավորինս հեռու լինի բնակավայրից, աղբը տանեն ավելի խորքը: Կքննարկենք նաեւ, թե ինչ է պետք անել, հողով ծածկելու ուղղությամբ, գոնե այն հատվածը, որը բերում է դեպի Նուբարաշեն: նաեւ կքննարկենք հին մուտքը բացելու հարցը»:
Կամո Արեյանը անընդունելի համարոեց առաջարկը, որ այս երկու տարվա համար կարելի է քաղաքում մեկ այլ աղբավայր ստեղծվի. «Նոր աղբավայրի հնարավորություն քաղաքում չկա: Անթույլատրելի է, որ երկրորդ աղբավայրը ստեղծենք հիմա: Այո, կարելի էր ժամանակին քայլեր անել, որ վիճակն այսքան չսրվեր, այնպես չէ, որ ամեն ինչ արվել է խստապահանջ ռեժիմով»,-խոստովանեց նա:





























