Հայաստանի համար ոչ ավանդական գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցումը մեծ ներուժ ունի: Oգոստոսի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց փորձագետ, ֆերմեր Հարություն Մնացականյանը:

Նրա խոսքով՝ մեծ ներուժ ունի բրոկոլիի, կոլրաբիի, բրյուսելյան կաղամբի աճեցումը: Նման մշակաբույսեր աճեցնելը բարձր եկամտաբերություն է ապահովում: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում ոչ այնքան վաղուց բրոկոլիի մեկ կիլոգրամը վաճառվում էր 3000 դրամով՝ 120 դրամ ինքնարժեքի դեպքում: Այսօր այն բանի շնորհիվ, որ մի շարք հայ ֆերմերներ սկսել են բրոկոլի աճեցնել, դրա գինը զգալիորեն նվազել է: Բացի այդ՝ այն սկսել է մեծ պահանջարկ վայելել ոչ միայն ռեստորանային, այլեւ տնային խոհանոցում:

Մնացականյանի խոսքով՝ ֆինանսական տեսանկյունից շահավետ ուղղություն կարող է դառնալ նաեւ ոչխարաբուծությունը: Այսօր Մերձավոր Արեւելքում կլիման անապատեցման է գնում, ինչն արոտավայրերի աստիճանական կրճատման է հանգեցնելու, հետեւաբար՝ ոչխարների գլխաքանակի կրճատման: Այդպիսով, Հայաստանը կարող է գրավիչ երկիր դառնալ ոչխարների արտահանման առումով: Մնացականյանը կարծիք հայտնեց, որ այս կապակցությամբ հայկական շուկայում ոչխարի մսի գների աճ կգրանցվի:

«Այսօրվա դրությամբ Հայաստանում ոչխարների գլխաքանակը շուրջ 600 հազար է կազմում: Վստահ եմ, որ մենք այս ցուցանիշը մինչեւ 1.2-1.5 միլիոնի հասցնելու ներուժ ունենք»,- ասաց նա: Սակայն այս ուղղությունն ունի ինչպես առավելություններ, այնպես էլ թերություններ: Առավելությունը մեծ շուկան է, թերությունը՝ այն փաստը, որ ոչխարաբուծությունը հողի էրոզիայի է հանգեցնում: