Խաղողի իրացման խնդիրներ այս տարի չեն ակնկալվում, ընդհակառակը մեծացել է խաղողի պահանջարկը եւ թեեւ դեռեւս գինեգործական կազմակերպությունները մթերման գին չեն հայտարարել, սակայն այն նախորդ տարվանից բարձր կլինի։ Այս մասին Վայոց Ձորի մարզ այցելության ժամանակ նշել է գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am_ին հայտնում են, որ խաղողագործության զարգացման հարցում նախարարը կարեւորել է նաեւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի աշխատանքը։ Նա տեղեկացրել է, որ Ճապոնական դրամաշնորհի շրջանակում խաղողի կադաստր ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Հիմնադրամը արշավախմբեր է կազմել, որոնք վերջին ժամանակահատվածում շուրջ 30 էնդեմիկ սորտեր են հայտնաբերվել, որոնք կորած էին համարվում. դրանք շուտով կհամալրեն Երկրագործության գիտական կենտրոնի կոլեկցիոն այգին։
Իր խոսքում Նախարարը անդրադարձել է նաեւ խորհրդատվական համակարգի աշխատանքներին. «Կարծում եմ, պետք է ավելի նախաձեռնողական լինել։ Իրենք էլ տեսնում են, որ երբ գալիս ես, կանգնում ես գյուղացու կողքին, հաջողությունն ավելի մեծ է լինում։ Մարդիկ պահպանողական են, երբեմն տեղեկացված չեն, ուստի պետք է ավելի նախաձեռնողական լինել, ավելի ակտիվ լինել եւ չսպասել, որ գան քո դուռը թակեն։ Խորհրդատվության հավելյալ արժեքը այն պետք է լինի, որ ոչ միայն պրոբլեմը լուծի, այլ բացահայտնի այն»։
Մարզպետ Արագած Սաղաթելյանը եւս ընդգծել է, որ այս տարի խաղողի բավականին բարձր բերք է ակնկալվում։




























