ԱԺ–ում այսօր՝ օգոստոսի 28-ին հրավիրված արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, դիմելով Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանին, բարձրացրեց «ջրի մաֆիայի» հարցը։

Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ անելու հարցով։

«Սեւանի հավելյալ ջրառից՝ էլեկտրաէներգիայի լրացուցիչ վաճառքից ինչքա՞ն գումար եք ստանալու եւ ի՞նչ նպատակով է այն ծախսվելու: Դուք ի՞նչ կարծիքի եք՝ վերջապես «ջրի մաֆիա» կա՞, թե՞ ոչ»,-հարցրեց պատգամավորը՝ կարծիք հայտնեց, որ նիստին պետք է ներկա լիներ նաեւ Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը, քանի որ բնապահպանները լուրջ մտահոգություն են հայտնել լրացուցիչ ջրառի առնչությամբ։

Ինեսսա Գաբայանը, պատասխանելով հարցին, նշեց. «Իմ կարծիքով՝ այո՛, մաֆիա գոյություն ունի: Բայց պետք է բացահայտենք՝ ովքեր են, ով է այդ մաֆիան»:

Հայկ Բաբուխանյանն արձագանքեց. «Եթե կա ջրի մաֆիա, ինչո՞ւ չեք բացահայտում, եթե ջրի «դեւ» կա, բացահայտենք եւ մեկուսացնենք ջրից»,-ասաց նա:

Հիշեցնենք նաեւ, որ կառավարության օգոստոսի 23-ի նիստում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն նշել էր, որ Սեւանից լրացուցիչ ջրառը իրենց կառավարության օրակարգում երբեւէ եղած ամենաանցանկալի հարցերից է: «Կառավարությունը երեւի ամիս ու կես մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, եւ մենք խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեինք ամեն ինչ անել, որ Սեւանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա ու հարցերը լուծվեն առանց նման որոշման: Շատ բուռն քննարկումներ եղան, որից պարզ դարձավ, որ կա ռեալ ռիսկ, որ մենք կարող ենք գյուղատնտեսության համար բարդ ու փակուղային իրավիճակ ստեղծել։ Ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք: Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլում սիրում են շրջանառել, Հայաստանում «ջրային մաֆիայի» գոյությունը: Եթե այդպես է՝ միանշանակ է, որ այդ «ջրային մաֆիան» պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի», -հավելել է Նիկոլ Փաշինյանը: