Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, այսօր՝ օգոստոսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ վարդապետական թեզի բանավոր պաշտպանություն: Մասնավոր վարդապետական աստիճան ստանալու համար «Հոգեւոր հովվի եւ համայնքի միջանձնային փոխհարաբերությունների սոցիալ-հոգեբանական առանձնահատկությունները» թեմայով թեզ պաշտպանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանը, ով ներկայում ուսանում է Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում:

Պաշտպանությունը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց հանձնաժողովի նախագահ, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Սրբազան Հայրն ընդգծեց նյութի եզակիությունը եւ կարեւորությունը Եկեղեցի-հասարակություն, հովիվ-համայնք փոխհարաբերությունների տեսանկյունից:

Թեզի գրախոսությամբ ելույթ ունեցավ h. գ. դ. Կամո Վարդանյանը, որից հետո Հայր Տիրայրը ներկայացրեց իր վարդապետական թեզը, պարզաբանումներ տվեց ներկայացված դիտարկումների առնչությամբ:

Հավարտ բանավոր պաշտպանության, քննիչ հանձնախումբը դրական եզրակացություն տվեց թեզի վերաբերյալ եւ արժանի համարեց Հոգեշնորհ Տ. Տիրայր աբեղա Հակոբյանին շնորհելու մասնավոր վարդապետության աստիճան:

  Առաջիկա օրերին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի մասնավոր վարդապետական աստիճանի տվչության արարողությունը: