ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար 2020 թվականի նախագահական ընտրություններում «պայքարել» ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դեմ, հայտնում է Fox News-ը:
«Նա ինձ դուր է գալիս: Ինձ դուր են գալիս նրանք բոլորը (Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուները): Չեմ տեսնում մեկին, ում հետ չէի ցանկանա (ընտրություններում) մրցել»,- Քլինթոնի հայտարարությանը պատասխանել է Թրամփը:
Ավելի վաղ Քլինթոնը Recode-ի հետ հարցազրույցում հայտարարել էր, թե չի բացառում 2020 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնի համար կրկին առաջադրվելու հնարավորությունը: Նախկին պետքարտուղարի խոսքով՝ ինքը «պատրաստվում է ամեն ինչ անել, որ 2021 թվականին Սպիտակ տուն դեմոկրատ մտնի»:
Թրամփը Քլինթոնին հաղթել է 2016 թվականի նախագահական ընտրություններում՝ ստանալով նահանգների ընտրիչների 304 ձայները ընդդեմ Քլինթոնի 227-ի: Ընդ որում՝ Քլինթոնը ստացել էր ընտրողների գրեթե 3 մլն ձայն ավելի, քան Թրամփը, եւ նրա հաղթանակը կանխորոշել է ըստ նահանգների ընտրիչների ավելի հաջող տեղաբաշխումը: Մինչեւ ընտրությունները լրատվամիջոցներն ու սոցիոլոգները միաձայն կանխատեսում էին Քլինթոնի հաղթանակը:




























