Մաքս Պլանկի միության մարդկային պատմության ինստիտուտի եւ Ենի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի գիտնականները շների մոտ մեթագիտակցության նշաններ են հայտնաբերել՝ տեղեկացնում է «Наука и жизнь»-ը։

Մեթագիտակցությունը իր գիտելիքների կամ դրանց բացակայության մասին գիտակցելու ունակությունն է։ Մենք ոչ միայն գիտենք ինչ-որ փաստեր, կանոններ եւ այլն, այլեւ գիտակցում ենք մեր գիտելիքները։ Օրինակ, մենք գիտենք բազմապատկման աղյուսակը, եւ մենք գիտենք, որ դա գիտենք։ Միաժամանակ, մենք նաեւ գիտենք, որ ինչ-որ բան չգիտենք, ասենք՝ ֆրանսերեն կամ աստղաֆիզիկա կամ ինչպես օդանավ վարել։ Այս հատկանիշը երկար ժամանակ վերագրվում էր միայն մարդուն, բայց հետո պարզվեց, որ սեփական կոմպետենտությունը կարող են գնահատել կապիկները, դելֆինները եւ նույնիսկ առնետները։

Փորձի ժամանակ շանը կանգնեցրել են տեսարանը փակող երկու V-աձեւ շիրմաների դիմաց, որի հետեւում ուտելիք կամ խաղալիք է եղել, եւ պետք էր ցույց տալ, որ դու գիտես, թե որտեղ են դրանք։ Որոշ դեպքերում կենդանիները տեսել են որտեղ են դրանք, որոշ դեպքերում՝ ոչ։ Եթե նրանք չեն տեսել, նրանք կարող էին թաքուն նայել հատուկ թողնված ճեղքից։ Եւ եթե շները իրոք հասկանում են, թե իրենք ինչ չգիտեն, նրանք ավելի հաճախ են մոտենում ճեղքին, որպեսզի տեսնեն որտեղ է մրցանակը։

Learning & Behavior հոդվածում ասվում է, որ եթե շներն ի սկզբանե չգիտեին որտեղ է մրցանակը, նրանք հաճախ էին ձգտում նայել ճեղքից եւ վազում էին հենց այնտեղ, որտեղ թաքցրած բան կար։

Կարեւոր է հստակեցնել, որ շները ոչ միայն ձգտում էին նայել ճեղքից, այլեւ հոտոտում էին այն։ Եւ հեղինակներն իրենք էլ ասում են, որ առայժմ երեւում են մեթագիտակցության միայն որոշակի նշաններ, եւ հեռանկարում իրենք ուզում են կատարել ավելի խիստ փորձեր, որոնց միջոցով կարելի է պարզել, թե որ օրգանն են առաջին հերթին օգտագործում շները որպեսզի իմանան այն, ինչը չգիտեն։