Մարդկանց մեծամասնության համար բանտն այն վայրն է, որտեղից ցանկանում են փախչել: Առօրյա կյանքից հոգնած հարավկորեացիների համար հատուկ ստեղծված բանտում մեկ օր անցկացնելը փախուստ է կենցաղից և օրվա խնդիրներից:
2013 թվականից առ այսօր Չխունչխոն քաղաքում տեղակայված բանտում եղել է ավելի քան 2000 մարդ, գրում է Reuters-ը: Նրանց մեծամասնությունը գրասենյակային աշխատողներ են, ուսանողներ, մայրեր: 2017 թվականին հարավկորեացնիներն աշխատել են տարեկան միջինում 2069 ժամ՝ ի տարբերություն այլ երկրներում Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գրանցած 1764 ժամի: Տասնչորսժամյա հերթափոխն այստեղ հազվադեպ երևույթ չէ, ինչպես նաև վեցօրյա աշխատանքային շաբաթը:
Կազմակերպության համահիմնադիր Նոհ Ցզի-Հյանը պատմում է, որ «բանտի» ստեղծման գործում իրեն ոգեշնչել է ամուսինը՝ դատախազ Յոն-Սեկ Քվոն, որը հաճախ շաբաթական 100 ժամ է աշխատում: «Նա ասաց, որ գերադասում է մեկ շաբաթով ապրել բանտի մենախցում հանգստանալու և ինքնազգացողությունը լավացնելու համար,- հիշում է Ցզի-Հյանը,- դա սկիզբն էր»։
Կազմակերպությունը ոչ առևտրային է և կրում է Happiness Factory («Երջանկության գործարան») անվանումը: Այն կառուցվել է 3.5մլն դոլարով, որի մեծ մասն ընտանիքի սեփական խնայողություններն էին, իսկ մնացածը՝ նվիրատվությունները: 24-ժամյա վարձակալումը կազմում է մոտ 90 ԱՄՆ դոլար:
«Բանտում» գործում են խիստ պայմաններ. այլ բանտարկյալների հետ խոսել, ժամացույցից և բջջային հեռախոսներից օգտվել չի կարելի:




























