Այս աշնանը լուսանկարիչ Մարկո Պուգլիզեն մեկնել է Սոնդրիո կոչվող իտալական պրովինցիա՝ լուսանկարելու իտալական բնության տեսարանները, սակայն գեղատեսիլ Կապույտ լճի փոխարեն հայտնաբերել է միայն ցեխ ու տիղմ, հաղորդում է Nat-geo-ն:
Կպաույտ լիճը 1853 մետր բարձրության վրա է՝ շրջապատված լեռներով և անտառներով: Այն հայտնի է բանաստեղծ Ջոզուե Կարդուչիի շնորհիվ, որն անցկացրել է այդ վայրերում գրեթե 20 տարի (1888-ից մինչև 1905թթ.) և գրել է լճին նվիրված բանաստեղծություն: Բացի այդ, Lago Azzurro-ն ներառված է Շրջակա միջավայրի պաշտպանության իտալական հիմնադրամի կազմած «Վայրեր սրտի համար» ցանկում:
Գարնանը լիճը լցվում է ջրով և սնուցվում է ստորջրյա աղբյուրներից: Ձմռանը ջրի մակարդակն իջնում է, սակայն դիտարկումների ողջ ընթացքում լճի ամբողջական ցամաքում գրանցվել է ընդամենը մի քանի անգամ:
XXI դարում դա տեղի է ունենում ավելի հաճախակի․ վերջին անգամ նույն պատկերն էր երեք տարի շարունակ՝ 2005-ից սկսած: 2007 թվականին իշխանության ներկայացուցիչները ստիպված էին ջրամբարն արհեստականորեն լցնել:
Սակայն ջերմաստիճանի ռեկորդները շարունակվում են, և Lago Azzurro-ն կրկին ցամաքել է: «Եթե որևէ մեկը դեռ կասկածում է, ապա ժամանակն է մտածել քաղցրահամ ջուրը չվատնելու մասին»,- ասում է լուսանկարիչը:




























