Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը ենթարկվել է անհապաղ վիրաբուժական միջամտության սրտի նոպայից հետո, տեղեկացնում է BBC-ն՝ հղում կատարելով Սանդերսի ընտրարշավի գրասենյակին։

Սենատորին հիվանդանոց են տարել երեքշաբթի. նա դժգոհել է կրծքավանդակի ցավից Նեւադայում նախընտրական միջոցառման ժամանակ։

Բժիշկները տեղեկացրել են, որ ստենտավորել են կորոնար զարկերակը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Բեռնի Սանդերսը պատրաստակամություն է հայտնել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Սենատորը խոստացել էր, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում ապրիլի 24-ին իր ուղերձում օգտագործելու է «ցեղասպանություն» տերմինը, ի տարբերություն ԱՄՆ մյուս նախագահների, որոնք իրենց խոստումը չեն պահել։

MassisPost-ի լրագրողի հարցին՝ «արդյո՞ք դեմ կգնա թուրքական կառավարությանը եւ կօգտագործի «ցեղասպանություն» բառը, Սանդերսը պատասխանել է. «Այո, եւ ես կարծում եմ, որ այդ բանավեճն ավարտված է»։