Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտը մայիսի 4-ին կազմակերպել է հանրային դասախոսություն «Հայոց ցեղասպանության եւ Հրեից Հոլոքոստի հիշողություն. կառուցվածքային առանձնահատկությունները» թեմայով:

Այն ներկայացրել է  ազգագրագետ, ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը, ով 2009-2010 թթ. հետազոտություններ է իրականացրել Վաշինգտոնի հոլոքոստի հուշային թանգարանում «Հիշողության վրա հենված քաղաքականություն. հայոց եւ հրեից փորձառության համեմատական ուսումնասիրություն» թեմայով։

Դասախոսության ընթացքում անդրադարձ է եղել հայերի ցեղասպանության եւ հրեաների հոլոքոստի պատմության պարբերականացմանը, մանրամասվել է «Հոլոքոստ» եզրը եւ սահմանները, քննարկվել  ցեղասպանություններն իրականացնողների հարցում նրանց ազգային եւ որոշակի գաղափարախոսության կրողներ լինելու հանգամանքը:

Բացի այդ, ընդարձակ անդրադարձ է եղել ցեղասպանության հիշողության մեջ զինված եւ բարոյական դիմադրությունների խնդրին, ինչպես նաեւ «մորթվել ոչխարների նման» մոտեցմանը: