Ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակը եւ Շուշիի ազատագրումն արդեն որքան ժամանակ է՝ չեն ոգեւորում ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին, ով դա բացատրում է Հայաստանի՝ իր խոսքով պետություն չդառնալու հանգամանքով։ Լրագրողների հետ մայիսի 6-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ ազատամարտիկը։
«Այս տոնը ձեւականորեն կնշվի եւ բովանդակությունից զուրկ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ պետությունը չի կայացել, քանի դեռ անհիմն կերպով բանտում է ազատամարտիկ Սասուն Միքայելյանը։ Ինչի մեջ ապրում ենք այսօր, պետություն չէ, այլ պետության իմիտացիա, բայց ես համոզված եմ, որ Հայաստանը մի օր կայանալու է որպես երկիր»,- ասաց ազատամարտիկը՝ ավելացնելով, որ այս դժվար ժամանակներում տոներ նշելը նույնն է, ինչ խրախճանքը ժանտախտի ժամանակ։
Անդրադառնալով Շուշիի ազատագրման օրերի իր հիշողություններին՝ Ժիրայր Սեֆիլյանը նշեց որ պատերազմն այն բացառիկ դեպքերից էր, երբ հայ ժողովուրդը միասնական էր եւ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբված։ «Այդ օրերին տղաները հերթ էին կանգնում Շուշիի ազատագրման մարտերին մասնակցելու համար։ Այսօր էլ պետք է գտնել մի առանցք, որի շուրջ կարելի կլինի համախմբել հայ ժողովրդին»,- ընդգծեց ազատամարտիկը։
Նա, սակայն, ցավ հայտնեց, որ Շուշին ազատագրելու օրից այդ քաղաքում շատ քիչ բան է փոխվել։ «Հայերին չհաջողվեց բնակեցնել մեր սիրելի քաղաքը։ Սա պետք է սթափեցնի մեզ, բայց ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է դուրս գալ այս վիճակից»,- նկատեց նա։





























