Ռադիոյի օրվա առթիվ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանն այսօր` մայիսի 7-ին այցելել է Հայաստանի հանրային ռադիո եւ «Ազատություն» ռադիոկայան:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա շրջել է Ռադիոտանը, հանդիպել ռադիոյի աշխատակիցներին, զրուցել «Ռադիոլուր»-ի լրագրողների հետ, ծանոթացել ոլորտի հիմնախնդիրներին: Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանը վարչապետին է ներկայացրել կատարված աշխատանքները: Տիգրան Սարգսյանն ուղիղ եթերում մասնակցել է «Հանրային տասնյակ» հաղորդմանը:
«Վերջին տարիներին փոխվել է Հանրային ռադիոյի որակը: Ավելի շատ անդրադրաձ կա այն խնդիրներին, որոնք մտահոգում են մեր ռադիոլոսողներին, շատ հաճախ կա սուր քննադատություն: Բավականին առողջ քննադատություն կա, որն օգտակար է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Այնուհետև վարչապետն այցելել է «Ազատություն» ռադիոկայանի երեւանյան գրասենյակ:
Նշենք. որ այս տարի Հանրային ռադիոն տոնում է ստեղծման 85-րդ տարեդարձը, իսկ «Ազատություն» ռադիոկայանը՝ 60-րդը:





























